«Վանաձոր Քիմպրոմի»-ի հնամաշ, օգտագործված գույքը չի վաճառվում. կրկնաճուրդ կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Վանաձորի երբեմնի արդյունաբերական հսկայի՝ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի աճուրդի հանված գույքը չի վաճառվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 13-ին կանցկացվի «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով խմբավորված լոտերով:
Տեղեկացնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչվել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել: Ընկերությունը 216 աշխատողի աշխատավարձ է պարտք: Նշենք, որ «Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում տեղ են գտել նաեւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն եւ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն: Ընկերությունը «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն»-ին պարտք է ավելի քան 10 մլրդ 840 մլն 538 հազար դրամ, իսկ «Միջազգային բիզնես կենտրոն»-ին՝ ավելի քան 1 մլրդ 87 մլն դոլար:

Ի դեպ, նոյեմբերի 22-ին «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք աճուրդին վաճառքի են հանվելու ընկերության օգտագործված ու հնամաշ գույքը՝ թվով 3609 հատ: Օրինակ՝ աճուրդի հանված գրքերի օգտագործված ու հնամաշ պահարանի մեկնարկային գինը կազմում է 5000 դրամ, իսկ սեղանները՝ 6000 դրամ: Աճուրդի են հանվել նաեւ սնանկացած ընկերության անվադողերը, գործիքները, սարքավորումները: Իսկ օգտագործված պահեստամասերի մեկնարկային գները սկսում են 200 դրամից: Վաճառքի հանված անմխիթար վիճակում գտնվող քիմիկատների գները սկսում է 15 դրամից: Նաեւ աճուրդի են հանվել ընկերության բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները, որոնց մի մասը գտնվում է անաշխատունակ վիճակում: Օրինակ՝ 1990թ. արտադրության, 660 հազար դրամ արժեքով «Վազ-21213», 2002թ. արտադրության 2 մլն 610 հազար դրամ մեկնարկային գնով «Mercedes-Benz ML 320», 1999թ. 476 հազար դրամ «Ford Tranzit»-ը գտնվում են անաշխատունակ վիճակում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս