Ընտրությունները միայն վնասում են մեր երկրին. Գագիկ Գինոսյանը բոլորին դեմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս կողմնորոշվել է, թե ինչպիսին պետք է լինի իր դիրքորոշումը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ արդյոք նա վստահություն ունի ձեւավորված դաշինքների նկատմամբ:

«Ես շատ հստակ կողմնորոշված եմ եւ գիտեմ, որ ընտրությունները միայն վնասում են մեր երկրին: Շատ ցավում եմ, որ հիմա նոր օրենքի համաձայն՝ հանված է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը: Ես կողմնակից եմ այն բանին, որ որեւէ մտավորական որեւէ գործընթացի չխառնվի: Մտավորականը պետք է լինի ազգային արժեհամակարգի ճարտարապետը, իսկ քաղաքական գործիչը՝ նրա աշխղեկը: Այնինչ՝ մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես է տգետ եւ «քաղաքական շինարարությունից» ոչինչ չհասկացող աշխղեկի ձեռքի տակ մտավորական-ճարտարապետ աշխատում: Մեր լավագույն մտավորականները (հետո սկսում ես կասկածել՝ այդպես է, թե ոչ) սկսում են գովերգել տգետ մի աշխղեկի՝ ընդամենը օրվա հաց աշխատելու մոլուցքից կամ ինչ-ինչ նկատառումներից դրդված»,-մեկնաբանեց պարոն Գինոսյանը:

Նա մտավորականությանը կոչ արեց հեռու մնալ ցանկացած տեսակի ընտրական գործընթացից. «Ինքս լինելով Նժդեհի, բայց ոչ Հանրապետական կուսակցության գաղափարների կողմնակիցը, ասում եմ, որ եթե նույնիսկ Նժդեհը վերակենդանանար եւ իր թեկնածությունն առաջադրեր, հարազատ եղբորս էլ խորհուրդ չէի տա՝ ում օգտին քվեարկեր»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ոչ թե պետք է ուշադրություն դարձնել, թե կուսակցություններից որը այսօր ինչ խոստում է տալիս, այլ թե որը ինչ արժեհամակարգի համապատասխան չափանիշներով է գործել եւ գործում. «Ես չեմ տեսնում քաղաքական որեւէ ուժ, որը խոսում է քաղաքացու տեսլականի մասին, այսինքն` թե ինչ արժանիքներ պետք է ունենա Հայաստանի քաղաքացին, ինչ նպատակների նա պետք է ծառայի:

Որովհետեւ եթե մենք չունենք քաղաքացի, նշանակում է՝ չունենք եւ ապագա, պետականություն: Որեւէ կուսակցություն այս թեմայով չի խոսում: Բոլորը խոսում են իրավական խախտումներից, որոնք, իհարկե, շատ են մեր երկրում: Բայց կարծում եմ՝ հարկավոր է խոսել նաեւ այն մասին, թե ինչպես դաստիարակել հազարամյակների մարտահրավերներին դիմակայելու ունակ Հայաստանի քաղաքացի: Այնպես որ, ընտրությունների մասնակցելը անշնորհակալ գործ է, ես փոփոխության ակնկալիքներ չունեմ»,-եզրափակեց պարոն Գինոսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս