ԿԸՀ-ի հեռախոսահամարով կատակ անողներին բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը ընթացք է տվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված հայտարարություններին «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով»: Օրերս Երեւան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ:

Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները փողոցում քայլելիս նկատել են Ամիրյան 2 հասցեի հարեւանությամբ առկա գովազդային վահանակի մոտ հավաքված մի շարք քաղաքացիների, որոնք քննարկել են փակցված հայտարարությունը: Իրավապահները մոտեցել են եւ նկատել երկու անձանց, որոնք փակցնելիս են եղել
հայտարարությունը՝ «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով», 010 543-523 հեռախոսահամարով: ArmLur.am-ը զանգահարել էր նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով է ձայներ գնող անձը, եւ պարզվել էր, որ նշված հեռախոսահամարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է:
Մեր հրապարակումից հետո կատակ անողներին բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի գնդապետ Ա. Հովհաննիսյանը գրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Գրությամբ ոստիկանության գնդապետ Հովհաննիսյանը Տիգրան Մուկուչյանից խնդրել է հայտնել, թե արդյոք վերոնշյալ հեռախոսահամարը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Եւ եթե հեռախոսահամարը պատկանում է ԿԸՀ-ին, «խնդրում ենք հայտնել, թե հեռախոսահամարին նշված հայտարարության հետ կապված զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»:

Թե ինչ պատասխան է տվել ԿԸՀ նախագահը, եւ ինչ զարգացում կլինի այս գործով, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս