Ռուսաստանից «արտաքսված» Philip Morris ընկերությունն ապաստան է գտել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DailyEurAsia Daily պարբերականն անդրադարձել է ծխախոտի համաշխարհային շուկայում առաջատար Philip Morris ընկերությանը՝ ներկայացնելով ռուսական շուկա մուտք գործելու վերջինիս փորձերն ու Հայաստանում վարչապետի մակարդակով ընդունումը:

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար

Վերջին տարիներին ծխախոտի համաշխարհային շուկայում լուրջ պայքար սկսվեց: Ծխախոտ արտադրողները՝ համակերպվելով պայմաններին, որոնք թելադրվում են ծխելու դեմ պայքարով, պաշտպանում են իրենց բիզնես-շահերը, իսկ գործնականում մանիպուլյացիայի ենթարկելով առողջապահության թեման՝ կոմերցիոն նորանոր բարձունքներ են գրավում: Այդ մրցավազքում առաջնորդ է ոլորտի առաջատար Philip Morris ընկերությունը: Ամերիկյան ընկերությունը դեռեւս 2014թ. շուկա բերեց «այլընտրանքային ծխախոտ» անվանմամբ ծխախոտի համակարգ՝ iQOS: Այդ սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա մեջ կան հատուկ քարթրիջներ, որոնք հետագայում չեն այրվում, այլ տաքանում են մինչեւ 350 աստիճան:

Արտադրողների կարծիքով՝ «այդ ծխախոտի ծուխը քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտինը»: Հենց այդ հիմքով Philip Morris-ը ներկայացնում է ամբիցիոզ ծրագիր. «Մենք հասկանում ենք, թե ինչ է անհանգստացնում միլիոնավոր ծխողներին: Եվ մենք պատասխանում ենք այդ սպասելիքներին՝ ապագա ստեղծելով «առանց ծխի»: Ինչպես նշել է ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանտզոպուլոսը՝ իրենց նպատակն այն է, որ «20 տարի անց նման համակարգի անցնեն ծխախոտ սպառող բոլոր չափահասները»: Նման «հոգատարությունը» ոչ միանշանակ է: Առաջին հերթին՝ չկա որեւէ դրական եզրակացություն նոր արտադրանքի որակի մասին, փոխարենը՝ կան մասնագիտացված կառույցներ, որոնց համաձայն՝ ծխելու արդյունքում առողջությանը վնաս հասցնող նյութերը ներթափանցում են օրգանիզմ ոչ միայն ծխախոտի այրման, այլեւ տաքացման միջոցով: Ավելին՝ մասնագետների խոսքով՝ վնասակար նյութերը ներթափանցում են օրգանիզմ նույնիսկ նիկոտինային մաստակների օգտագործման դեպքում:

Խնդիրը լուծվում է նաեւ միջազգային մակարդակով: Philip Morris-ի գովազդային քարոզարշավի հիմքում ընկած է սպառողների վստահությունը շահելու հաշվին շուկան ընդլայնելու ռազմավարությունը: Philip Morris-ի իրական նպատակների մասին վկայում են նաեւ այդ ընկերության ֆինանսական ցուցանիշները: Մարտի 6-ին NASDAQ-ի հրապարակումների համաձայն՝ անցած տարի Philip Morris-ն էապես բարելավել է դիրքերը համաշխարհային շուկայում եւ ապահովել զգալի եկամուտը: Ընդ որում, Philip Morris-ի գովազդային քարոզարշավն իր մեջ ներառում է նպատակաուղղված աշխատանք տարբեր երկրների կառավարությունների հետ:

Ընկերությունը ընդունող երկրից հարկային արտոնություններ է պահանջում, թույլ վերահսկողություն, ինչպես նաեւ նախապատվություններ այդ արտադրանքների օգտագործման համար: Մեկ խոսքով՝ iQOS-ի քողի տակ ընկերությունը կոնկրետ առավելություններ է պահանջում, որի շնորհիվ ընդլայնում է շուկայում իր ներկայությունը: Սակայն կան երկրներ, որոնք չեն կիսում Philip Morris-ի պահանջները, այդ թվում՝ Ռուսաստանը: Ընկերությունը հայտ էր ուղարկել ՌԴ կառավարությանը դեռեւս 2014թ.: ԶԼՄ-ների հրապարակումներից ելնելով՝ 2016թ. այդ հայցը Մոսկվան մերժել էր: Դժվար է ասել, թե ինչն է եղել պատճառը: Հնարավոր է, որ ՌԴ կառավարությունում իսկապես մտադիր են պայքարել ծխելու դեմ:

Բացառված չէ նաեւ, որ Մոսկվայում պարզապես քաղաքական որոշում են կայացրել՝ թույլ չտալ արեւմտյան ընկերություններին ճնշել տեղի արտադրողներին պահանջների սահմանման ճանապարհով: Սակայն փաստ է, որ Ռուսաստանում ոչ միայն մերժել են, այլեւ խոչընդոտում են այդ շուկայում ընկերության ընդլայնմանը:

Մասնավորապես անցած տարի նախաձեռնվել է ակցիզային հարկի էական բարձրացում, իսկ 2017թ. փետրվարին Մոսկվայի քաղաքային Դուման օրենքով հավասարեցրել է այլընտրանքայինն ու ավանդականը՝ կանխելով ցանկացած նախապատվություն: Ներկայումս այդ օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա եւ կարող է ընդունվել մոտ ապագայում: Բնական է, որ Philip Morris-ն այդ մերժման հետ չի համակերպվի եւ կփորձի մուտք գործել շուկա «սեւ մուտքով»:

Նման հնարավորություն է ընձեռնում Եվրասիական տնտեսական միությունը: Ընկերությունը կարող է գործունեություն ծավալել ԵՏՄ անդամ պետություններից մեկում եւ այդտեղից սպասարկել ռուսական շուկան: Ամենայն հավանականությամբ, հենց այդ նպատակով Philip Morris-ն ակտիվացել է Հայաստանում, որտեղ ընկերության ներկայացուցչին ընդունել են վարչապետի մակարդակով «կանաչ լույս վառել» մտադրությունների իրականացման համար: Սակայն Մոսկվան կրկին մեկ քայլ առաջ է հայտնվել. դեռեւս անցած շաբաթ նույնիսկ ԵՏՄ երկրներից պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների արգելքի մասին որոշում է կայացվել:

Ակնկալվում է, որ iQOS -ն ու այլ համակարգեր Ռուսաստանի համար կհայտնվեն այդ նույն ցուցակում:

Քրիստինե Պողոսյան




Լրահոս