ՊՐԱՀԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015 թվականի Նոյեմբերի 4-ին, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել էր Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային եւ շնորհակալություն հայտնել Պրահայի կենտրոնում Չեխիայի հայկական համայնքին՝ պատրաստի, կառուցված կաթոլիկ եկեղեցու պատմական շենք տրամադրելու համար:

 

Նկատենք, որ թեեւ չեխ կարդինալը 2 տարի առաջ է նվիրել եկեղեցու տարածքը՝ ներքին հարդարանքներով եւ կահավորանքով, սակայն մինչ օրս տաճարը ոչնչով հայկական չի դարձել: Ճիշտ է՝ սպասավորները հայեր են, բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքները, բայց դա շատ քիչ է:


«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ Պրահայում, արձանագրեց, որ կենտրոնական հատվածում գտնվող հայկական եկեղեցին, որն իրապես արժեքավոր նվեր է հայ համայնքի համար, ամենեւին հայկական չէ: Ոչ միայն եկեղեցու վրայի խաչը հայկական չէ՝ կաթոլիկ ոճի է, այլեւ անգամ մի տառ անգամ չկա որեւէ տեղ գրված, որ դա հայկական եկեղեցի է: Անցած երկու տարիների ընթացքում հայկական եկեղեցու մեջ տեղադրվել են ընդամենը մի խաչքար, կնունքի արարողության համար նախատեսված լվացարան, խորանի վարագույր:


Տարօրինակ է, որ Պրահայի հայկական եկեղեցում, անգամ հայ առաքելական եկեղեցիներում ավանդաբար վառվող մոմ չկա: Այնտեղ վաճառում են խանութներից գնված «ժամանցային» մոմեր՝ երկաթե պատյաններով: Հայ համայնքի ներկայացուցիչները երբեմն մոմ են գնում ռուսական եկեղեցուց, տանում իրենց հետ հայկական եկեղեցի եւ վառում:
Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն
«Ժողովուրդ»-ը առկա իրավիճակի շուրջ պարզաբանումներ խնդրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից: Մայր աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց հետեւյալը. «Ճիշտ է՝ եկեղեցին գործածման նպատակով փոխանցվել է հայ համայնքի հոգեւոր կարիքների համար: Վստահ եմ, որ եկեղեցու պատմական տեսքի հետ կապված որեւէ փոփոխություն պետք է արտոնվի Կաթոլիկ Եկեղեցու կողմից: Այդպիսին է պարագան մի շարք երկրներում մեր կողմից վարձակալվող կամ պարզապես գործածվող տաճարների դեպքում: Հնարավոր է, որ հենց սա է պատճառ»: Այսինքն՝ առարկայական տեղեկություն՝ Պրահայի հայկական տաճարի մասին հայ առաքելական եկեղեցու վերնախավին կա՛մ հայտնի չէ, կա՛մ նրանք չեն կարեւորում ոչ հայեցի եկեղեցի ունենալը: Ընդ որում, հայեցի ասվածը, ինչպես նշեցինք, վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին:


Առավել առարկայական մեկնաբանություն ստանալու համար Մայր աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը խորհուրդ տվեց դիմել Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանին, ով Չեխիայի հայոց հոգեւոր հովիվն է: Նախ նա նշեց, թե իրենց մոտ մոմերը չեն վաճառվում: «Մոմերն ամբողջությամբ դրված են հենց մուտքի մոտ, կողքն էլ՝ գանձարան: Ով որքան ցանկանում է, կարող է դրամը գցել եւ մոմ վերցնել, կարող է եւ ընդհանրապես ոչինչ չդնել»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հարցերին, թե եկեղեցու արտաքին տեսքից չենք կարող եզրակացնել, որ այն հայկական է, եւ նույնիսկ նման որեւէ նշում չկա, Հայր Բարսեղը նշեց. «Նախեւառաջ, եկեղեցին կաթոլիկ է, որը տվել են մեզ՝ հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է, ինքը պատմական հուշարձան է, եւ որեւիցե մի փոփոխություն արգելված է: Մենք նույնիսկ խնդրել ենք, որ թույլ տան մոմակալներ դնել, նույնիսկ մոմ վառելն է այնտեղ արգելված: Գումարած դրան՝ մենք նաեւ վարագույր ենք դրել խորանին, որ չի եղել: Այնպես չէ, որ Հայաստանն է, ով ինչպես ցանկանում է, շինարարություն է անում, այստեղ շատ լուրջ են վերաբերվում նման հարցերին»:


Անդրադառնալով փաստին, որ որեւէ նշում անգամ չկա՝ թեկուզ ցուցանակի տեսքով, որ այն հայկական եկեղեցի է, Հայր Բարսեղը հայտնեց. «Նշումը պետք է լինի: Քանի որ պայմանագիրը միայն այս տարի նոյեմբերին է լինելու, մինչեւ ստորագրությունը չլինի, մենք իրավունք չենք ունենալու որեւէ բան գրելու»:
Ահա այսպես, փաստորեն տարիներ են պետք՝ հայ համայնքին նվիրված եկեղեցին գոնե ցուցանակով հայկական դարձնելու համար: Իսկ մոմերի մասին Հայ Բարսեղի պարզաբանմանը հակադարձում ենք արված լուսանկարով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Պրահա

 

 

 
ՊԵԿ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Երեկ պարզ դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրման գործով կալանավորվել են ՊԵԿ աշխատակիցներ` կաշառք ստանալու մեղադրանքով:

Ըստ հատուկ քննչական ծառայության` կալանավորվածները ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչն ու նույն բաժանմունքի հերթափոխի պետը են: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ-ի պաշտոնյաները մի շարք անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու եւ Բագրատաշենի մաքսակետով ներկրված միրգ-բանջարեղենը պատշաճ զննության չենթարկելու համար վերջիններից կաշառք են ստացել: Ի դեպ, Բագրատաշենի մաքսակետով ներկրված օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղենի, նաեւ ադրբեջանական խնձորի մասով ոչ միայն մաքսային ձեւակերպումներ չեն արվել, այլեւ դրանք չեն ենթարկվել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների:
Այսպես՝ նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ այս գործով Երեւանի եւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 4 բնակիչների անօրինական գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է 8 մլն դրամի վնաս եւ նրանց մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:
Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նույնպես անդրադարձավ մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների թեմաներին եւ հայտարարեց, որ ՊԵԿ-ը կատարվածում իր մեղքի բաժինն ունի:
«Երեւույթն իմ կողմից գնահատվում է շատ բացասական: Մենք մեր մեղքի բաժինն անկեղծ ունենք: Բայց մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսային ծառայողը, որը կաշառվելով թողել է՝ այդ խնձորը մտնի հանրապետություն, այլեւ կաշառողը, խնձոր ներկրողը, ինչպես նաեւ այն առեւտրականները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները»,- նկատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` ընդգծելով, որ ինքը վատ է գնահատում ե՛ւ ներմուծողների, ե՛ւ մաքսային ծառայողների, ե՛ւ առեւտրականների ցինիզմը: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ սահմանին ներկրվող «Իգլան» մաքսայինում նկատվեց, իսկ խնձորները՝ ոչ, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Խնձորը չնկատվեց, որովհետեւ կաշառք են տվել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԳԱԶԸ ԹԱՆԿ Է
Ադրբեջանին սահմանակից Տավուշի վարորդները դժգոհում են մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում առկա բարձր գնից: Տեղեկացնենք, որ Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով:
Տավուշի հարեւան Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի, Լոռու մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 170 դրամ է: Բացի այդ՝ Սեւանում, Լոռիում եղանակը Տավուշի համեմատ ցուրտ է, լիցքավորված գազը հնարավորություն է տալիս ավտոմեքենայի ավելի մեծ երթ կատարել: Իսկ Տավուշի մարզում ավտոմեքենան լիցքավորվելուց հետո կարճ ժամանակ անց գազը «նստում է», լիցքավորված գազով մեքենան համեմատաբար քիչ տարածություն է անցնում:
Տավուշի մարզի վարորդների համար զարմանալի է, որ Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բերդի տարածաշրջանի ավտոմեքենաների գազալցավորման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 180 դրամ է, ավելի էժան, քան Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում: Տավուշի մարզի վարորդները, դժգոհելով մարզում գազի գնի թանկությունից, նաեւ կասկածում են, որ մարզի ԱԳԼՃԿ-ներում մեքենաներին գազ լիցքավորելիս իրենց խաբում են: Տավուշցի վարորդները, բողոքելով ավտոմեքենաներին լիցքավորվող գազի թանկ գներից, տարակուսում են, թե սահմանամերձ Տավուշի մարզում այլ մարզերի համեմատ ինչու է թանկ: Չէ՞ որ Ռուսաստանից սկիզբ առնող մայր գազատարը, որից սնուցվում են Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ը, Վրաստանից Հայաստան է մտնում, ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Ըստ տնտեսագիտական օրենքների՝ այդ դեպքում գազի փոխադրման ծախսն ավելի փոքր է, Տավուշում գազն ավելի էժան պետք է լիներ:

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ
Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանին հարցրի, թե ովքեր են Բագրատաշենի այն 2 բնակիչները, ովքեր, ըստ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, մեղադրվում են Երեւանի 2 բնակիչների կողմից ադրբեջանական խնձոր Հայաստան անօրինական ներկրելուն հանցակցելու մեջ: Ա. Մակյանն ասաց, որ այդ հարցն իրեն ուրիշներն էլ են տվել, ինքը չգիտի, չի հավատում, որ նրանք Բագրատաշենի բնակիչներ են: Բագրատաշենից տեղեկացանք, որ Բագրատաշենի նշված 2 բնակիչները երիտասարդ տաքսիստներ են: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ ապօրինի ձեռնարկատիրությանը եւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելուն հանցակցելու մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ   
Տավուշ




Լրահոս