Գազանների կողմից հոշոտված կնոջը սպանել էին․ նրա ինքնությունը դեռ չի պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները դեռեւս չեն պարզել Տավուշի մարզի Հովք գյուղի վարչական տարածքում ավելի քան մեկ ամիս առաջ հայտնաբերված դիակի ինքնությունը: Նոյեմբերի 11-ին Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին` Ճամբարակ տանող ճանապարհի խաչմերուկից մի քանի հարյուր մետր դեպի Իջեւանի տարածք նախրապանը նկատել էր, որ թափառող շան երախում մարդկային ձեռքի նմանող մսի կտոր է: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները Աղստեւ գետի ափին՝ Հովքի տարածքում հայտնաբերել էին 155 սմ հասակ ունեցող, մոտ 25-35 տարեկան կնոջ դիակ, որը եղել է առանց ձեռքերի, գազանների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է ջինսե տաբատ, սվիտեր, պիջակ: Դիակը եղել է 2-3 օր վաղեմության:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ կնոջ մահը սպանության հետեւանք է: Տավուշի մարզում կատարված հարցումների արդյունքներով՝ մարզի բնակավայրերում անհայտ բացակայող այդ տարիքի կին ի հայտ չի եկել: Իրավապահները մանեկենին հագցրել են սպանված կնոջ շորերը, ամառային ծակոտկեն կոշիկները, այդ լուսանկարը տարածել լրատվամիջոցներով, համացանցում, սակայն արդյունք չի տվել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս