ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր է՝ ինչ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հայտնվել է իրադարձությունների կիզակետում եւ առանձնանում է խմբակցության մյուս անդամներից:

Նախօրեին Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ գրանցվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ: Բանն այն է, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն այդ օրն առաջարկեց չքվեարկել, քանի որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների թիվը 61-ն էր, եւ հնարավոր կլիներ օրենքը չանցկացնել: Բայց այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շրջվել էր դեպի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչ-որ մեկին հասկացնում էր, որ կողմ քվեարկի: Հետագայում պարզ դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը օրինագծին կողմ է քվեարկել: Բոլորը փորձում էին պարզել, թե ինչպես է քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, իսկ վերջինս ասում էր, թե չի քվեարկել, մատն է կպել:
Երեկ էլ նրա մասնակցությամբ հետաքրքիր դրվագ արձանագրվեց արդեն այն ժամանակ, երբ «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց բոյկոտել նիստն ու լքեց նիստերի դահլիճը, Ազիզյանն ամենավերջինը դուրս եկավ դահլիճից՝ կարծես առանձնանալով խմբակցությունից: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին:
-Պարո՛ն Ազիզյան, երեկ «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը: Դուք համակարծի՞ք էիք խմբակցության դիրքորոշման հետ:
-Իհարկե, կողմ էի: Ես էլ դուրս եկա: Եթե «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտում է, բնականաբար ես էլ պետք է բոյկոտեմ: Բա ես որտեղի՞ց եմ, առաջինն էլ ես կլինեմ, պարզ չի՞:
-Սակայն մենք նկատեցինք, որ Դուք ամենավերջինը հեռացաք նիստերի դահլիճից եւ կարծես թե չցանկանալով:
-Ես, մինչեւ այդ հայտարարություն անելը, դաշնակցության պատգամավոր Արմեն Բաբայանի կողքին նստած` մի հատ բան էինք քննարկում, մի թեմայից էինք խոսում, մեկ էլ մերոնք դուրս եկան: Ես էլ այդ բաները ճշտեցի, հետեւներից դուրս եկա: Ինչ առանձնանալ, ինչ բան: Մի վայրկյան բան էինք խոսում, հո չէիք ասի՝ կներես, մերոնք դուրս եկան, ես էլ վազելով գնամ, իրանց անցնեմ:
-Պարո՛ն Ազիզյան, նախօրեից հետո Դուք կրկին հայտնվել եք ուշադրության կենտրոնում:
-Ես միշտ էլ ուշադրության կենտրոնում եմ, բայց ոչ թե խորհրդարանում: Ոչ մի արտառոց բան չի եղել, այդ ովքեր տենց խոսում են, քաղաքական կարճատեսներ են: Պետք է բոլորը հասկանան, որ ՀՀԿ-ն ունի կայուն մեծամասնություն, կարելի է ասել քաղաքական մենաշնորհ: Այսինքն` իրենք շատ լավ հասկանում են, որ երբ պետք լիներ, կասեինք` 20 րոպե ընդմիջում տվեք, կանոնակարգ-օրենքը թույլատրում է: 20 րոպեից կկանչեին մի 3 հոգի, էդ նույն բաները կլինեին: Այդ ինչ աժիոտաժ է, ինչ քամի են անում:
-Փաստորեն Դուք չեք առանձնանում «Ծառուկյան» խմբակցությունից: Ինչպե՞ս որոշվի, այնպես էլ անելո՞ւ եք:
-Իհարկե, ոնց կարող եմ առանձնանալ: Ինձ Ծառուկյանն է բերել խորհրդարան, ես ոնց կարող եմ «Ծառուկյան» դաշինքից առանձնանամ:
-Սակայն նախօրեին այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե Դուք ՀՀԿ խմբակցության ղեկավարի հանձնարարականով քվեարկեցիք:
-Ես 70 տարեկան մարդ եմ: Կյանքիս բոլոր տուժած քայլերը մենակ եղել են նրա համար, որ ես ոչ մեկի ասելով չեմ շարժվում: Ես մեր ֆրակցիայի անդամ եմ, էտ էր պակաս, որ ինչ-որ մեկի ասելով շարժվեի, քվեարկեի:
-Դուք այն պատգամավորների թվին էիք պատկանում, որ ինքնաբացարկի դիմում էիք ներկայացրել, հետո այն հետ վերցրել: Հնարավո՞ր է՝ Ձեր շուրջը բարձրացված աղմուկից հետո որոշեք հրաժարվել մանդատից:
-Ես մանդատից կյանքում չեմ հրաժարվել, հետո վերցրել: Նման բաներ չկան: Իհարկե, հիմա էլ նման բան չեմ անի, ինչո՞ւ պետք է նման որոշում կայացնեմ:

 

 

 

ԳԻՆԱՐԲՈՒՔ ԵՎ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեկ իշխող կոալիցիայի ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները դարձել էին ԱԺ փոքրամասնության՝ «Ելք» խմբակցության պատանդը: Բանն այն է, որ երեկ խորհրդարանում քննարկման ենթակա նախագծեր չկային, եւ նիստը պետք է ավարտվեր նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո: Սակայն «Ելք» խմբակցությունը որոշել էր տարեվերջյան անակնկալ մատուցել իշխող կուսակցությանն ու այնպես անել, որ նրանց պատգամավորները մնան խորհրդարանում: Էլ երբ կարող էինք ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանին, Մանվել Գրիգորյանին, Աշոտ Արսենյանին, Արայիկ Գրիգորյանին, Արտակ Սարգսյանին եւ այլ «կոճակ» սեղմող պատգամավորներին մինչեւ 16:30 տեսնել խորհրդարանում` բացի երեկվանից:

Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ցանկացած խմբակցություն յուրաքանչյուր նախագծի քվեարկությունից առաջ ունի 20 րոպեով ընդմիջում վերցնելու իրավունք, եւ երեկ «Ելք» խմբակցությունը որոշել էր օգտագործել իր բոլոր իրավունքները: Եվ պատկերացրեք, թե յուրաքանչյուր հարմար պահի խորհրդարանից փախչող ՀՀԿ-ականներն ինչպես մինչեւ վերջ ստիպված էին մնալ խորհրդարանում, որպեսզի հնարավոր լիներ քվեարկությամբ անցկացնել պարտադրված նախագծերը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ պատգամավորները խորհրդարանում իրենց համար զբաղմունք գտան. յուրաքանչյուր 20 րոպեանոց ընդմիջմանը նրանք խմբեր էին ձեւավորում, գնում ինչ-որ մեկի սենյակ, որտեղից դուրս էին գալիս արդեն բարձր տրամադրությամբ եւ ալկոհոլի բույրով: Ու քանի որ ազգընտիրները պատանդ էին դարձել խորհրդարանում, ամեն պահն օգտագործում էին՝ նախատոնական բարձր տրամադրությունն ապահովելու համար:
Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավորների գինարբուքի հիմնական վայրը Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եւ Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Արսենյանի աշխատասենյակն էր. այնտեղ ընդմիջումներին այցելում էր պատգամավորների մեծ մասը, այդ թվում կոալիցիոն ՀՅԴ-ից: Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը 20 րոպե դադարը լսելուն պես շտապում էին գործարարների սենյակ: Ընդմիջումներից մեկի ժամանակ էլ նույնիսկ ԱԺ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանը վայելեց Ավշարի բարիքներից, թերեւս որ սթրեսը հեշտ հաղթահարի: Լրագրողների համար նկատելի էր, որ աշխատասենյակի մոտակա տարածքում սուր խմիչքի բուրմունք էր տարածվում:
Հավելենք, որ բացի գինարբուքներ կազմակերպելուց` ՀՀԿ-ականները հավաքվում էին խորհրդարանի միջանցքներում՝ որոշելու, թե ինչ անեն, որպեսզի հետագայում «Ելք» խմբակցությունը չկարողանա նման քայլի դիմել: Ի վերջո, գտան ելքը, եւ դահլիճում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կանեն, որպեսզի այդ դադարներ վերցնելու իրավունքը վերանա:
Չնայած ՀՀԿ-ականների սպասողական սթրեսին, դեռ կատակում էին՝ նշելով, թե գնալ-գալով լավ կնիհարեն: Նրանց համար կյանքի հարց էր, որ այդ 20 րոպեների ընթացքում որեւէ օրենքի ընդունումը չտապալվի, եւ ընդդիմությունը հաղթանակ չտոնի:
Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար ընդմիջումներ հայտարարելու ժամանակ ՀՀԿ-ականները խնդրում էին ընդդիմությանը՝ դադարեցնել ակցիան: Օրինակ` Սեյրան Սարոյանը, դիմելով «Ելք» խմբակցության ղեկավարին, նշեց. «Բոլ ա, Նիկոլ ջան, խնդրում եմ, հերիքա»: Սակայն Նիկոլ Փաշինյանն այդպես էլ տեղի չտվեց խնդրանքներին եւ մինչեւ վերջին օրենքը շարունակեց ընդմիջումներ հայտարարել:
Երեկվա զարգացումներն այնպես ընթացան, որ իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցությունն էլ «հավեսի ընկավ»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջ անցավ եւ վարման կարգով ձայն խնդրելով` ՀՅԴ խմբակցության անունից ընդմիջում վերցրեց:
Արդեն վերջին օրենքի քվեարկությունից հետո ԱԺ ամենակոլորիտային պատգամավոր Սեյրան Սարոյանը բոլորին ուրախ Ամանոր ցանկացավ՝ մաղթելով, որ շուն-կատվի պես իրարից չբաժանվեն:
Հավելենք, որ սա ԱԺ վերջին նիստն էր:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՉՓՈԽԵՑ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ կրկին կողմ է քվեարկել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Հիշեցնենք, որ նախօրեին թեեւ նա քննադատել էր, սակայն կողմ էր քվեարկել` պատճառաբանելով, թե օրենսդրական փաթեթը լավն է, սակայն համաձայն չէ մեկ դրույթի հետ, որն էլ խոստացել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Գեւորգ Կոստանյանը նշեց, թե իր համար խնդրահարույց դրույթը փոխվել է, որի պատճառով էլ նա կրկին կողմ է քվեարկել նախագծին:

 

 

ՎՊ-Ն ԵՐԵՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԿԳՆԻ
ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը այս տարվա պահուստային ֆոնդի հաշվին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հազար դրամ: Ըստ ՎՊ-ի պատճառաբանության` պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին եւ բավականին հին են ու մաշված: Այդ ավտոմեքենաներով ՎՊ-ի կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են` խոչընդոտելով բնականոն աշխատանքները: Իսկ այդ մեքենաների` հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները. կառավարությունն այն էժան գնով վաճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի: Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում:

 

 

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված քրեական գործերից մեկը ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզում Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Գյումրիի «Ցայգ» հեռուստատեսության օպերատոր Արթուր Մարգարյանի մասնագիտական գործունեությանը` խափանելով նկարահանումները: Այս արարքի համար Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Էլբակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քրեական գործով դատաքննության օրը դեռ նշանակված չէ:




Լրահոս