Ի՞նչ է սպասվում սև ցուցակում հայտնված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում են անհուսալի վարկառու, ունեն տույժեր, տուգանքներ, հետաքրքրվում են` արդյոք իրենք կարող են օգտվել այս հնարավորությունից, թե ոչ: Պարզվում է` առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները եւս պատրաստակամ են ներելու այդ տույժերը:
Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` այս հարցը բավական բազմակողմանի ու խորությամբ քննարկվել է ՀՀ կառավարությունում: Արդյունքում կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել նշյալ ֆիզիկական անձանց մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ֆիզիկական անձանց տրված եւ անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը եւ տուգանքները, չեն ունենա որեւէ հարկային հետեւանք:

«Այս կարգավորումը վերաբերում է ֆիզիկական անձանց, բայց չի սահմանափակվում գյուղատնտեսական վարկերով: Սկզբում քննարկվում էր միայն գյուղատնտեսական վարկերի գծով համաներման սցենարը: Բայց հետագա քննարկումների արդյունքներով եկանք այն եզրահանգման, որ կարիք կա նաեւ անդրադառնալ ֆիզիկական անձանց այլ տեսակի վարկերին` սպառողական եւ այլն: Կարեւորը` վարկառուն լինի ֆիզիկական անձ, եւ վարկը անհուսալի ճանաչված լինի մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը: Կարեւորը` վերջնաժամկետը պահպանված լինի»,- ներկայացրեց Պողոսյանը: Խոսքը այն վարկերի տույժերի, տուգանքների մասին է, որոնք այլեւս բանկի կողմից գնահատվում են անհուսալի: Փոխնախարարի խոսքերով` կներվեն բոլոր տեսակի վարկերի տույժերն ու տուգանքները, որոնք մինչեւ մայիսի 31-ը ներառյալ ճանաչվել են անհուսալի` անկախ նրանից` գրավով ապահոված են եղել, թե ոչ, կամ ինչ չափով են ապահոված եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որեւէ սահմանափակում չկա տույժերի եւ տուգանքների մեծության մասով: Ավելին` եթե գործնականում կլինեն այնպիսի վարկեր, որոնք կունենան 5 կամ 10 մլն դրամի չափ տույժեր, տուգանքներ, ապա նորից կզրոյացվեն: Այսինքն` գումարի սահմանափակում չկա: «Այստեղ շատ կարեւոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ բանկերը անհատապես են այդ որոշումները կայացնելու: Այսինքն` իրենց քաղաքականությունից ելնելով, այս փոփոխությամբ մենք նպաստավոր հարկային միջավայր ենք ձեւավորելու, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու գնան այդ քայլին եւ ներեն ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած տույժերի եւ տուգանքների տեսքով պահանջները»,- նկատեց փոխնախարարը: Բայց չնայած սրան` արդյոք բանկը պատրաստ է ներել բոլոր անհուսալի վարկառուների տույժերն ու տուգանքները, թե կամայական մոտեցում կցուցաբերի:

Ըստ փոխնախարարի` բանկերի հետ աշխատանք է տարվում նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից` որպես ոլորտի կագավորող մարմնի: Բայց մյուս կողմից տույժերի, տուգանքների ներման մասով չափորոշիչները ընտրելու են բանկերը: ՀՀ ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ բանկերը ազատ են իրենց գործողություններում. դա յուրաքանչյուր բանկի քաղաքականությունն է, քանի որ կարող է լինել բանկ, որ շատ ազատական մոտեցում ունենա ու առանց որեւէ սահմանափակման բոլորին ների, կամ էլ լինի բանկ, որ որոշակի չափորոշիչներով առաջնորդվի: «Օրենքի ուժով չի կարող բանկին պարտադրվել ներել տույժերը, որովհետեւ բանկը մասնավոր առեւտրային կառույց է: Մեր համոզմամբ` բանկերը գնալու են այդ քայլին, որովհետեւ բանկերը նաեւ խնդիր ունեն ազատվելու այդ ոչ որակյալ անհուսալի ակտիվներից»,- տեղեկացրեց Արման Պողոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուատնտեսական վարկերի մասով կուտակված տույժերն ու տուգանքները շուրջ 3.5-4 մլրդ դրամի չափ են կազմում: Բայց ֆինանսների փոխնախարարի համոզմամբ` այս թիվը 2-3 անգամ ավելի կմեծանա: Նշենք, որ հատուկ ընթացակարգեր առայժմ չկան այս հնարավորությունից օգտվելու համար: Երբ օրենքը ընդունվի, համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կնշի ինչ որ շահառուների շրջանակ կամ վարկառուներին կհրավիրի ու կհայտնի իր պատրաստակամությունը տույժերը, տուգանքները ներելու մասով:

Ի դեպ, բանկերը առարկություն չունեն այս նախաձեռնության հետ կապված. «Սա պարտադրանք չէ բանկերին ու վարկային կազմակերպություններին, այլ հնարավորություն ազատվելու այդ անորակ եւ անհուսալի ակտիվներից: Արդյունքում ունենք հաշվեգրված տույժեր եւ տուգանքներ, որոնք բանկերը չեն ակնկալում երբեւէ ստանալ, եւ մյուս կողմից էլ քաղաքացին է, որը ծանր ֆինանսական դրության մեջ է, հնարավորություն չունի դիմել նոր վարկ ստանալու համար, ու ունենք բանկի հաշվեկշիռ, որտեղ ներառված են այս անորակ ակտիվները: Այս քայլով մենք երեք խնդիրը միաժամանակ լուծում ենք»:

Court Gavel With Money

Փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց նաեւ, որ տույժերի, տուգանքների համաներմանը զուգահեռ իրականացվում է եւս կարեւոր գործընթաց: Խոսքը վարկային պատմությունների մաքրման մասին է, որը ֆինանսների նախարարության շրջանակում չէ, այլ համակարգվում է Կենտրոնական բանկի կողմից: «Այս գործընթացի նպատակը վատ վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ որոշակի համաներում կիրառելն է, որպեսզի մաքրվի նրանց վարկային պատմությունը, եւ նրանք կարողանան դիմել ֆինանսական կազմակերպություններին նոր վարկեր ստանալու կամ եղածը վերաթողարկելու համար: Արդյունքում մի կողմից ակնկալում ենք ֆիզիկական անձանց ֆինանսական վիճակը բարելավել, մյուս կողմից բանկերին հնարավորություն ընձեռել առանց լրացուցիչ հարկային բեռ կրելու ազատվել այդ անհուսալի ակտիվներից»,- տեղեկացրեց փոխնախարարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ հուլիսի 1-ը պարզ կդառնա, թե երբ են սկսելու բանկերը ներել այդ տույժերն ու տուգանքները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս