ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը իմ հեղինակած արձանի բացմանը ուրախալի էր և ոգևորիչ. Աշոտ Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Մոսկվայի «Փառքի Բլուրում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Արձանի հեղինակը մոսկվաբնակ քանդակագործ, նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է: Այս օրերին նա Երեւանում է: Նկարիչը եկել է ոչ միայն հարազատ քաղաքից կարոտն առնելու, այլեւ որոշակի ծրագրեր իրականացնելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է նաեւ այդ մասին, անդրադարձել է Նկարիչների միությունում ստեղծված թեժ իրավիճակին: Մեր զրուցակցի համոզմամբ՝ միության նախագահը նկարիչ չպետք է լինի:

-Պարոն Թադեւոսյան, ամիսներ առաջ կպատկերացնեի՞ք, որ Բաբաջանյանի արձանի բացմանը որպես մեր երկրի առաջին դեմք` Նիկոլ Փաշինյանը ներկա կլիներ:

-Դատելով վերջին ամիսների իրադարձություններից՝ կպատկերացնեի: Մինչ այդ տեղյակ եմ եղել պարոն Փաշինյանի գործունեությունից, իսկ անձամբ ծանոթանալուց հետո արդեն ավելի լավ ճանաչեցի նրան, տեսա պարզ, ջինջ աչքերով արեւոտ մարդու: Իհարկե, սա իմ առաջին ստեղծագործությունը չէ, որի բացման արարողությունն արվեց Հայաստանի առաջին դեմքի ներկայությամբ, բայց սա ինձ համար ամենաուրախալի եւ ոգեւորիչ դեպքերից մեկն էր:

Գիտեմ, որ հետաքրքիր նախագիծ եք կյանքի կոչում, անգամ դիմել եք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Կպատմե՞ք այդ մասին:

-Բացի ստեղծագործելուց՝ ես վերջին քսան տարվա ընթացքում զբաղվել եմ նկարիչներին համախմբելով: Արտերկրում ունենք շատ լավ նկարիչներ, որոնց հետ ավելի սերտ կապեր հաստատելու նպատակով որոշեցի ձեռնարկել հայ նկարիչների միջազգային ալյանսի ստեղծումը: Վերջին տարիներին հայ արվեստը մեծ կորուստներ ունեցավ: Շատ լավ ստեղծագործողներ արժեքների անկման պատճառով փակվեցին իրենց արվեստանոցներում կամ հեռացան երկրից: Այդ ամենը իներցիայով շարունակվում էր, մինչեւ որ չեղավ այս վերջին պայթյունը, որը ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային պահանջ էր: Ալյանսի նպատակը պրոֆեսիոնալներին հետեւելն է միջազգային մասշտաբով:

-Այս օրերին Հայաստանի նկարիչների միությունում կրքերը թեժ են: Միության անդամ նկարիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ այնտեղ տիրող բարքերի, ընդդեմ միության նախագահ Կարեն Աղամյանի: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի միության նախագահը, ի՞նչ որակներով պետք է օժտված լինի:

-Ինձ չի թվում, որ այն, ինչ նկարիչների միության մոտ չի ստացվել, միայն Կարեն Աղամյանի մեղքով է եղել: Նույն վիճակը վերջին քսան տարիների ընթացքում տիրել է բոլոր ոլորտներում: Բայց սերնդափոխության անհրաժեշտություն, անշուշտ, տեսնում եմ: Անձամբ ես դեմ եմ, որ նկարիչների միության նախագահը նկարիչ լինի: Իսկ եթե նկարիչ է, նա պետք է լինի առաջատար, երիտասարդ: Ես հիմա տեսնում եմ շատ լուսավոր ստեղծագործողների, կարելի է նրանցից մեկին ընտրել՝ ժամանակակից մտածողությամբ, ով սիրում է ծառայել հայ արվեստին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս