Փաշինյանը պատասխանելու է Փաշինյանի հարցերին. հետաքրքիր և աննախադեպ իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ` ՄԻԵԴ-ը մարտի 1-ի հերթական գործի մասին տեղեկություններ է պահանջել ՀՀ կառավարությունից: Բայց այստեղ ամենահետաքրքիրն ինքնին գործն է. ՄԻԵԴ դիմել էր այն ժամանակ ընդդմադիր գործիչներից նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ու հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ պետք է պատասխանի ՄԻԵԴ հարցերին: Ժամանակին Փաշինյանը երկու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ. այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռեւս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչեւ 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր), լրացումներ են կատարվել բողոքների ծավալում եւ կից ներկայացված ապացույցների կազմում։

Փաստաբան Վահե Գրիգորյանը, տեղեկացնելով այս մասին, գրել է, որ ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից մասնավորապես նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված են եղել 20/02/2008թ․-ից մինչեւ 01/03/2008թ-ը քաղաքական ցույցերի եւ երթերի ժամանակ իր քաղաքական ելույթներով, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ։ ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետեւյալ 2 հարցերը.

1․Արդյոք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչեւ 19/01/2010թ․-ը) համատեղելի՞ է եղել ՄԻԵԴ 51 հոդվածի պահանջներին` մասնավորապես, նրա նկատմամբ կամայականություններից եւ անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։

2․Արդյոք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ եւ նրա դատապարտմամբ չե՞ն խախտվել ՄԻԵԴ 10 եւ 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։

Արդեն վարչապետ Փաշինյանը պատասխան է ուղարկել ՄԻԵԴ-ին` միաժամանակ հրաժարվելով իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց: Բայց, ըստ Վահե Գրիգորյանի, «Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։

Իսկապես այս գործով ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել: ՄԻԵԴ-ում տեղաշարժ սկսվել է այն ժամանակ, երբ դիմումատուն, ոչ ավել ոչ պակաս, արդեն վարչապետ է: Եվ ստացվում է՝ եթե անգամ պատախսան տրվի ՄԻԵԴ-ին, ապա դա կլինի նոր իշխանությունների անունից, անգամ պատասխանողը կլինի ՀՀ-ն՝ հանձին նոր իշխանությունների: Բայց նոր իշխանությունները պատասխան են տալու իրենց նախորդների արարքների համար:

Սա մարտի 1-ի գործով միակ դիմումը չէ. նախկին մի շարք այլ քաղբանտարկյալներ եւս դիմել էին ՄԻԵԴ, ու հերթով ստացվելու է նաեւ նրանց գործերով հարցադրումները, այնուհետեւ՝ վճիռները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս