Ուշագրավ դեպք Բանգլադեշի ՀԱԹ Բ 1 թաղամասում: Armlur.am-ի տեղեկություններով ժամը 9:30 -ի սահմաններում անհայտ անձինք հարձակվել են Մալաթիա տոնավաճառի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա: Մասնավորապես, երկաթյա ձողով հարվածել են փոխանակման կետի աշխատակցի գլխին, եւ հափշտակել նրա մոտ առկա գումարը:
Մեզ իրավապահ համակարգից հասած տեղեկությունների համաձայն` կոնկրետ դեպքը եղել է Բանգլադեշի ՀԱԹ Բ 1 թաղամասի մոտ: Ըստ բնակիչների` հարվածի հետեւանքով տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը ուշագնաց է եղել, իսկ դեպքը այնքան արագ է եղել, որ անգամ տարածքում գտնվող մարդիկ չեն հասկացել, թե ինչ է կատարվում:
Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը նշելով. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ»: