Կորոնավիրուսով վարակված և հաշմանդամություն ունեցող քաղաքացուն ասում են՝ հիվանդանոցում տեղ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց եւ փրկեն կյանքը: Քաղաքացու վիճակը ծանր է, ուժ չունի շարժվելու եւ չի կարողանում հանգիստ շնչել: Ինքը՝ Գեորգի Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում, նկարագրելով իր առողջական վիճակն, ասաց. «Ես հիմա տանն եմ, ուղղակի անհրաժեշտ է ինձ տեղափոխել հիվանդանոց, բայց հիվանդանոց չեն տեղափոխում: Տեղամասային բժիշկն այսօր զանգել հետաքրքրվել է, ասում է՝ տեղ չկա հիվանդանոցներում: Ասաց՝ զգուշացրել է, որ տեղ ազատվի իմաց տան իրեն, ինքն էլ՝ ինձ: Շնչարգելիություն ունեմ, երկկողմանի հաստատված թոքաբորբ ունեմ, ռենտգենով հաստատեցին ու հետո խորհուրդ տվեցին կատե անել, դիմեցի, որպեսզի ինձ կատեի ուղեգիր տան, որովհետեւ հասնում է, հաշմանդամության երրրոդ խումբ ունեմ: Չտվեցին, ասացին՝ արտակարգ իրավիճակի ժամանակ չի կարելի: Չեմ հասկանում՝ արտակարգ իրավիճակը մարդկանց օգնելո՞ւ, թե՞ սպանելու համար»:

Պարզվում է՝ Գեորգի Հակոբյանն իր սեփական միջոցներով է կատեի ծախսը հոգացել: «Ես գնացի 30 հազար դրամ վճարեցի ու արեցի: Արդեն 8 օր բարձր ջերմություն ունեմ, այս պահին 37.4 է, բայց բարձրանում է: Ոչ ոք այս ընթացքում չի զանգում, չի հետաքրքրվում: Տեղամասային բժշկուհին նախնական դեղորայք չի նշանակել: Ինձ ծանոթ բժիշկը հակաբիոտիկներ է նշանակել, խմում եմ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը: Ի դեպ, նշենք, որ Գեորգի Հակոբյանի կինն ու երեխան եւս վարակված են կորոնավիրուսով:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս