ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ    

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն անանուն նամակ է ստացել, որտեղ ներկայացված են քաղաքացիական տարբեր գործեր, որոնք գտնվում են դատարանում: Այդ բոլոր գործերի գլխավոր հերոսը ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանն է: Մեզ ուղարկված նամակում նշված է, որ Նորայր Մովսիսյանը խարդախությամբ խաբել է տարբեր քաղաքացիների եւ ներկա պաշտոնյանների: Նա  շատ շատերից մեծ-մեծ գումարներ է վերցրել` ինչ-որ «գործերի» մեջ դնելու համար, այնուհետեւ անհետացել` այդ գումարները գրպանելով: Ի դեպ, Նորայր Մովսիսյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք տարիներ առաջ ամուսնալուծվել են:

 

Եւ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկության՝ տարիներ առաջ պատգամավոր Անի Սամսոնյանը եւ իր ամուսին Նորայր Մովսիսյանը իրենց մտերիմների հետ հանդիպումներ են ունեցել, ներկայացրել են, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մովսիսյանի շրջապատի մարդիկ, վստահել են նրան, քանի որ վերջինս, լինելով Արզումանյանի օգնականը, վստահություն է ներշնչել, ինչպես նաեւ Մովսիսյանը փայլել է իր խելացիությամբ:

Նշենք, որ, ըստ միջազգային չափանիշների, թրեյդերի կարեւոր որակներից մեկը համառությունն է: Բոլոր հաջողակ թրեյդերները անցել են մի շարք անհաջողությունների միջով եւ հետագայում ասել կամ գրել են իրենց հուշերում, որ մեծ ցանկություն ունեն ֆինանսական շուկայում հասնել իրենց ցանկացած արդյունքին: Սակայն Մովսիսյանին չի հաջողվել հասնել հաջողությունների, ու նա ստիպված է եղել հեռանալ Հայաստանից՝ ապաստանելով Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մարդկանցից հավաքած գումարները անհետ կորել են, ու հույս էլ չկա, որ կվերադարձնեն:

Մենք տեղեկացանք, որ նախկին օգնականից տուժածներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի շատ աշխատակիցներ, որոնց հետ ժամանակին աշխատել եւ մտերիմ է եղել Մովսիսյանը, ինչպես նաեւ խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ:

Մեզ ուղարկված նամակում մի քանի անգամ շեշտվում է, որ գրեթե բոլոր գործարքների ժամանակ անձամբ ներկա է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նշվում է, որ այժմ քաղաքացիական գործ է ընթանում  Հրաչյա Դանիելյանի, Սերգեյ Խաչատրյանի, Տիգրան Ճորոխյանի հայցերով, որոնք դատարանը բավարարել է դեռեւս 2017 թվականին ու Նորայր Մովսիյանին պարտադրել է Ճորոխյանին վերադարձնել 7 միլիոն դրամ: Ինչպես նաեւ քաղաքացիական գործով դատական հայց են ներկայացրել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որոնք եւս դատարանը բավարարել է` պահանջելով Մովսիսյանից բռնագանձել կլորիկ գումարներ:

Նամակում նշվում է նաեւ, որ կան այլ քաղաքացիներ էլ, որոնք տուժել են Մովսիսյանի գործողություններից, ովքեր իրավապահ համակարգին չեն դիմել՝ հույս ունենալով իրենց ուժերով գտնել նրան եւ ստանալ գումարները: Մեր տեղեկություններով՝ Նորայր Մովսիսյանը հետախուզվում է ու գրեթե բոլորի հետ Հայաստանում կտրել է իր կապը:

Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի հետ եւս նախկին ամուսինը իր բոլոր հարաբերությունները սառեցրել է, որեւէ շփում չունի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող: Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը: Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը: Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»:

 

 

ԿՄՆԱ «ԻԶՄԻՐԼՅԱՆ»-ՈՒՄ

Մինչեւ համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» բժշկական կոնտրոնում: «Վարչական դատարանը բավարարել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը: Ըստ այդմ՝ մինչեւ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» բկ-ում: Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան: Մայիսի 26-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` հաստատել «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2020 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-179-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»,-նշված է որոշման մեջ:

 

 

ՓԱԿ Է

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի: Այս մասին տեղեկացնում է Երեւանի կենդանաբանական այգին: «Մեզ համար ամենակարեւորը մեր այցելուների առողջությունն է, եւ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Երեւանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Նշենք, որ  մայիսի 26-ին «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա, մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն: Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ. «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա  ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երեւանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները եւ 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»:

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ

Երեկ Armlur.am-ը տեղեկություններ է ստացել, որ առողջապահական ոլորտում օր օրի իրավիճակն ավելի է սրվում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին ռեանիմացիայի բժիշկների պակասի խնդիր կա, քանի որ ռեանիմացոն բժիշկների թիվը ՀՀ-ում մոտ 300-ի է հասնում, իսկ նրանք վարակվել են կորոնավիրուսով, հիմա խնդիրներ է առաջացել այդ մասով:

Հիմա նախարարությունը փորձում է թոքաբան, թերապեւտ այնտեղ ուղարկել աշխատելու համար: ArmLur.am-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, որը տեղեկացրել է. «Կադրերի պակաս կա, որը պայմանավորված է հիվանդների թվի աճի հետ»: Մամուլի խոսնակը նշել է, որ նախարարն անդրադարձել է այդ խնդրին: Հիշեցնենք, որ նախարար Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր. «Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը: Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք»:

 




Լրահոս