Ռուսաստանի Դաշնությունում է հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում, ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Արցախի նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների սահմանված եթերաժամանակը։ Այս մասին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը:
Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:
Ի հեճուկս տարբեր տրամադրություններ սերմանողների, որոնց պատվիրատուն հաճախ չգիտենք, թե որ պետությունից է, նշեմ, որ առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունը իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին…», – գրել է նա։