ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որեւէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիեւին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին: Ավելին, վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ հրադադարի մասին համաձայնագրի առաջին տաբերակը, որը պատրաստել է հենց ինքը, ստորագրված է եղել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Հետագայում այդ համաձայնագրին միացել էր նաեւ Հայաստանը: «Պետք է նախկինի պես հենվել այն համաձայնագրի վրա, որը ստորագրված էր եղել Հեյդար Ալիեւի հետ: Վերջինս ոչ մեկ անգամ է ինձ հենց Բաքվում ասել եւ խնդրել, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Նախկին նախարար Մամեդովը ստորագրեց, եւ քչերը գիտեն, որ այն ժամանակվա համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Միայն հետո Հայաստանը միացավ այդ համաձայնագրին, իսկ սկզբում Ադրբեջանը ստիպված եղավ այն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ», – նշեց նա: Կազիմիրովը, որպես ապացույց, առաջարկեց նայել 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ կարելի է հստակ տեսնել՝ ձախ կողմում եղել է Ադրբեջանի ստորագրությունը, իսկ աջ կողմում՝ Լեռնային Ղարաբաղի, եւ միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվեց Հայաստանի ստորագրությունը»: Խոսքը 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի մասին է, որից հետո՝ հուլիսի 27-ին, ստորագրվեց հրադադարի հաստատման եւս մեկ եռակողմ համաձայնագիր, այս անգամ արդեն՝ նաեւ ԵԱՀԽ միջնորդությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը նաեւ նկատում է, որ 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով: Նրա խոսքով՝ նախկինում Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ ցանկություն չէր հայտնում այդ քայլին գնալ, կա՛մ նախապայմաններ էր առաջ քաշում` երբեմն ակնհայտ անիրատեսական, կա՛մ խզում էր պայմանավորվածությունները, բայց այս անգամ այդ ցանկությունն ավելի հաստատակամ արտահայտվեց, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Ծառուկյանի փաստաբանները պատրաստվում են դատարանին միջնորդություն ներկայացնել՝ գրավի դիմաց նրան ազատելու համար: Պաշտպանական թիմը վստահ է, որ Արցախում ընթացող պատերազմական դրությունը «կստիպի» դատական իշխանություններին Ծառուկյանին ազատել կալանքից: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ ԱԺ խորհրդի անդամների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է արծարծվել այն հարցը, որ այժմ կալանքի տակ են գտնվում այնպիսի անձինք, որոնք կարող են ՀՀ-ին եւ Արցախին օգնել, բայց անազատության մեջ են, վարչապետը, կարծես թե, համակարծիք է եղել, բայց որեւէ խոստում չի տվել նրանց ազատության մասով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց եւ մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ժամանակ կընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երկուշաբթի օրը Բարձրագույն խորհուրդը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու էին ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:  Եվ, ահա,  մեր տեղեկություններով՝ Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանն ու Սերժիկ Ավետիսյանը ներկա չեն եղել հանդիպմանը, եւ դա դատական համակարգում խոսակցությունների տեղիք է տվել, որ, ստացվում է, իրենք չեն ցանկանում լինել Վճռաբեկ դատարանի նախագահ:  Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ներկաներից հետաքրքրվել են՝ ինչպես են տեսնում կառույցի հետագա ճակատագիրը, ում են տեսնում որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, եւ արդյունքում էլ որոշվել է ընտրությունը կատարել հինգշաբթի օրը: Այս շտապողականությունը պատճառներ ունի. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու պետք է ներկայացնի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, եւ դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու:

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կասեցվել է նաեւ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարաննները: Այս եւ այլ գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումը Լեւոն Յոլյանը կայացրել է սեպտեմբերի 30-ին:

 




Լրահոս