ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։
«Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում:
Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։ Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում:
Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը և մանրէազերմանը։ Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։
Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները»,-ասված է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ։