Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը.
1. Հայաստնի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:
Դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:
2. Այս մոտեցումը մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:
3. Վերջապես, պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից:
4. Նախ, ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը և չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար:
Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների վարչական սահմանների որոշմանը:
5. Հետևաբար, վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց վերաբերող հարցերում:
6. Երկրի ներսում վարչատարածքային միավորների սահմանների որոշումը կամ կոնկրետացումը կարևոր է այն դեպքերի համար, երբ, ասենք, կատարվել է հանցանք ու անհրաժեշտ է որոշել, թե, օրինակ, քննչական մարմնի որ մարզային ստորաբաժանումը պետք է գործը քննի կամ որ դատարանի դատական տարածքին է գործը վերաբերում:
7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել ևս վկայակոչվել` որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին: ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն:
Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:
8. Ըստ այդմ, Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության, սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերն արդեն բոլորովին այլ նշանակություն ունեն և դրանց հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:
Այս օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է նշված հարցերը լուծելիս, ի թիվս այլնի, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ու անվտանգության ղեկավար սկզբունքներով: «Պետական սահմանի մասին» օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:
9. Պետական սահմանների որոշման հետ կապված՝ պետության գործողությունների հիմքում պետք է լինի նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու իրավունքի գերակայության երաշխավորման հիմնարար սկբունքը:
Այս մասին են վկայում միջազգային չափանիշներն ու փորձը:
10. Առհասարակ, սահմանների որոշման գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն: Ընդ որում, այն սահմանակից երկու պետությունների մասնակցությամբ երկկողմ գործընթաց, որը պետք է լինի կանխատեսելի ու հստակ:
11. Միջազգային պահանջների համաձայն՝ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականության, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերը և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք:
12. Միջազգային պրակտիկայի համաձայն՝ սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների համար արտովայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:
Այլ կերպ՝ գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:
13. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:
Օրինակ՝ մի դեպքում մարդիկ զրկվել են գյուղատնտեսական նշանակության մասնավոր ու համայնքային հողատարածքների, արոտավայրերի օգտագործման հնարավորությունից, մեկ այլ դեպքում՝ վտանգվել է նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երրորդ դեպքում՝ բոլոր խնդիրները առկա են միաժամանակ:
Ընդ որում, խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:
14. Ադրբեջանի դեպքում այդ երկրի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը պետք է պարտադիր դիտարկել սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:
Հարցն այն է, որ, ինչպես հաստատում են Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիքներով:
Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին:
Այս պնդումները հաստատված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու վերլուծված ապացույցները, դրանց վերաբերյալ կազմված զեկույցները:
15. Հետևաբար, սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից, ենթարկվեն իրավական վերլուծության, ամրագրվեն անհրաժեշտ իրավական հիմքերով:
Այդ ամենից հետո էլ արդեն կատարված աշխատանքի արդյունքները պետությունը պետք է օգտագործի քաղաքական կամ այլ տեսակի բանակցություններում՝ անհրաժեշտ լուծումների հասնելու նպատակով:
16. Ուստի, սահմանային նշված հետազոտությունների ու բանակցությունների առանցքում մեր պետության անվտանգության ու պետական սահմանների անձեռնմխելիության երաշխավորման հարցերից բացի, պետք է լինեն Հայաստանի ողջ բնակչության իրավունքների ու այդ գործընթացներում իրավունքի գերակայության ապահովման պահանջները:
Այս ամենի լեգիտիմությունն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամանայականից»,- գրել է նա: