Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։
Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։