Ադրբեջանը կանգ չի առնի. Լիլիթ Գալստյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ՝ հասկանալու համար, թե ընդդիմությունն ինչ քայլեր է պատրաստվում անել սահմանային իրավիճակի լարվածությունը մեղմելու համար:

-Տիկի՛ն Գալստյան, սահմանին իրավիճակը լարվում է, մեր պաշտպանության նախարարն ասաց, որ մենք չենք հանդուրժելու, կրակելու ենք: Ի՞նչ անի հայկական կողմը: Կա՞ ճանապարհ, որը կառաջարկեք այս պահին:

-Նվազագույնն այս պահին մենք առաջարկել ենք, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները գան Ազգային Ժողով, եւ ցանկացած ձեւաչափով (մենք նախընտրում ենք բաց ձեւաչափով, բայց ինչպես կառաջարկեն) քննարկենք, հասկանանք, թե օրվա քաղաքական պատասխանատվության կրող իշխանությունները ինչ նախատեսումներ ունեն, բանակցային ինչ գործընթաց է: Այնուամենայնիվ, ինչ-որ մի փաստաթուղթ կա, որի շուրջ քննարկումներ կան, ապա, որպես հստակ պատասխանատվությունը վերցրած քաղաքական ուժ, բացատրի, թե ինչ վարքագիծ են դրսեւորում: Մենք ամեն օր բախվում ենք ոչ միայն մարդկային ցավալի կորուստների հետ, այլ նաեւ մեր ինքնիշխանության նվազող եւ պետականության կորստի հետագիծ ենք արձանագրում:

-Ի՞նչ ակնկալիք ունեք իշխանություններից: Նրանք կգա՞ն, նման բացատրություն կներկայացնե՞ն:

-Իշխանությունը չգա, սա եւս մեկ անգամ կխոսի այն մասին, որ, նախ, խուսափում է պատասխանատվությունից, որ անճարակ է, չունի Հայաստանի փրկության ծրագիր, երկիրը կառավարելու ո՛չ տեսլական ունեն, ո՛չ կարողություն, ո՛չ միջոցներ: Ես շատ եմ կարեւորում, որ արթնացում տեղի ունենա նաեւ մեր հանրային գիտակցության մեջ, մեր ժողովուրդը հասկանա, որ ընտրողների 26 տոկոսը, որ ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական ուժին, օր օրի մենք ավելի ենք համոզվում, որ այս քաղաքական ուժը Հայաստանի ինքնիշխանության եւ պետական պաշտպանության բացարձակապես անունակ իշխանություն է, բայց մեր ժողովրդի մի գզալի հատված ձայն է տվել: Մենք կարեւորում ենք, որ հանրությունը հասկանա, որ իշխանությունը չի պատասխանում մեր հոգսերին, ցավերին: Պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է.խաղաղություն չկա:

-Ինչո՞ւ այն մի հատվածը ոտքի չի կանգնում եւ քայլեր չի ձեռնարկում:

-Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք նպատակահարմար է այս մասին բարձրաձայն խոսել, քանի որ մեկ շաբաթ առաջ մեր պատվիրակությունը«Հայաստան» դաշինքի հետ միասին գնացել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր, եւ որոշ տպավորություններ ու հանրային անհոգության ցավին, դարդին անտեղյակության արձագանքները, որոնք ես լսեցի, հուսահատեցնող ու ցավեցնող է: Մեր կորուստների ցավի հանրային բթացում կա: Մեր հասարակությունը չի հասկանում, որ որդեգրել է պետության կորուստների ճանապարհը: Մենք շատ ենք խոսում հասարակության մասին, բայց 400 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին:

-Ի վերջո, Ադրբեջանը ե՞րբ կանգ կառնի կամ արդյոք կկանգենցնի՞ այս իրավիճակը:

-Ադրբեջանը կանգ չի առնի, քանի իր դիմաց զգետնված Հայաստանն է. նկատի ունեմ իշխանությանը: Ցավալի է իմ հայրենիքի ու երկրի համար այս բառն ասելը: Ալիեւը տեսնում է, որ իր բոլոր հոխորտանքները մնում են անպատասխան, եւ ինչ ուզում, պոկում է Հայաստանից, եւ արդեն 3-րդ ամիսն է՝ իր զորքերը Հայաստանի տարածքում են, եւ պատասխան չի ստանում: Ունենք այն, ինչ ունենք: Սա պարտության իշխանության շարունակությունն է, որ հղի է նոր պարտություններով:

Սոնա Գրիգորյան




Լրահոս