Օլիմպիական խաղերի չեմպիոններին 300 հազար դրամ պատվովճարներ կսահամանվեն. ԿԳՄՍ-ի նոր առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է ավելացնել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին հատկացվող ցմահ ամսական պատվովճարի գումարի չափը: Ըստ նախարարության՝ պատվովճարի գումարների ցածր լինելը խոչընդոտ է սպորտի զարգացման համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նպատակով պետական բյուջեի միջոցներից գումար կհատկացվի. 2022 թվականին կպահանջվի հատկացվող գործող գումարներով 45 մլն 120 հազար դրամ գումար, իսկ փոփոխության արդյունքում ավելացող գումարը կկազմի 21 մլն 480 հազար դրամ, այսինքն հաջորդ տարվա համար ընդհանուր գումարը կկազմի 66.6 դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանվում են պատվովճարներ` հետևյալ չափերով`օլիմպիական խաղերի չեմպիոններին 300 հազար դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ:

Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 200 հազար դրամ, 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 150 հազար դրամ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին 200 հազար դրամ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազար դրամ:

Իսկ շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին հատկացվող չափը կկազմի 100 հազար դրամ, օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազար դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազար դրամ՝ ցմահ:
Բացի այս, շախմատի և սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին հատկացվող չափը կկազմի 100 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին կտրամադրվի՝ 40 հազար դրամ:

Նախարարությունն առաջարկում է, որ օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին կհատկացվի 40 հազար դրամ, Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազար դրամ, Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազար դրամ, Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազար դրամ, իսկ Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս