ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է հեռակա կարգով դատաքննություն իրականացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով անցնող ամբաստանյալ Նասրին Կարչեգանիի նկատմամբ, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նասրին Կարչեգանին շուրջ 40 օր գտնվել է հետախուզման մեջ, նրան հայտնաբերել չի ստացվել: Վերջինս ամբաստանյալի աթոռին էր հայտնվել իրանցի ամուսնու եւ ՀՀ քաղաքացիների հետ:

 

Նշենք, որ մեղադրյալի բացակայությամբ վարույթն իրականացնելու վերաբերյալ գլուխը Քրեական դատավարության օրենսգրքում լրացվել է 2021  թվականի հունիս ամսին: Այսպիսի վարույթ կարող է իրականացվել, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Օրենքը նաեւ սահմանում է, որ մեղադրյալի բացակայությամբ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, չեն ձեռնարկվել անհրաժեշտ եւ բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար: Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը: Կարչեգանի ամուսինը՝ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհն, ըստ մեղադրանքի, ՀՀ մաքսային սահմանով Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղամիջոցներ է ներմուծել Հայաստան դրանք իրացնելու համար։ Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղամիջոցներ իրացնելու նպատակով կազմակերպված կայուն խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու դիտավորությամբ իրենց ընտանիքի բնակության վայրում իրացման նպատակով ապօրինի պահել է թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղամիջոցներ։ Ըստ քրեական գործի՝ կազմակերպված խմբի կազմում նախապես կատարվել է դերաբաշխում, համաձայն որի՝ 2017թ. հունիս ամսից՝ քննությամբ դեռեւս չպարզված օրվանից սկսած, ԻԻՀ քաղաքացի Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադին ինքնությունը դեռեւս չպարզված անձից ԻԻՀ-ում մատչելի գնով՝ 1 գրամը 5-6 ԱՄՆ դոլարին համարժեք 22.000-23.000 ԻԻՀ թումանով, ձեռք է բերել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերի խմբաքանակներ եւ դրանք թաքցնելով կենցաղային իրերի՝ փոշեկուլի, բանջարեղեն աղալու սարքի մեջ, ԻԻՀ-ից ավտոբուսով առաքել ՀՀ։ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը, իրականացնելով կազմակերպված խմբի հանցավոր գործունեության մեջ իր ստանձնած դերակատարումը, ստացել է Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից ուղարկված առաքանին եւ կազմակերպել դրա մեջ թաքցված թմրամիջոցի՝ ՀՀ-ում իրացման գործընթացը։ ԻԻՀ-ից մաքսանենգ եղանակով ՀՀ առաքվող «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արագ եւ մեծածախ իրացումը կազմակերպելու նպատակով Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը նույն ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել  ՀՀ քաղաքացիներ Արա  Ազիզյանի հետ, ով Դավիթ  Մանուկյանի եւ Սարգիս Օհանջանյանի հետ նախնական համաձայնությամբ ստանձնել է թմրամիջոցի մանրածախ իրացման պարտականությունը տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ Էդգար Մանվելի Մխոյանին ապօրինի իրացնելով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակները։ Ըստ քրեական գործի՝ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհից եւ Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիից իրացման նպատակով Արա Ազիզյանի եւ Սարգիս Ալեքսան Օհանջանյանի հետ ապօրինի ստացած թմրամիջոցի մանրածախ իրացումն ավելի արդյունավետ եւ արագ կազմակերպելու նպատակով Դավիթ Մանուկյանը վարձակալել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում գործող «Baker street 221b» գիշերային ակումբը, ապա «Մեթամֆետամին» տեսակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի 1 գրամը 100.000 ՀՀ դրամով իրացրել ինքնությունները դեռեւս չպարզված տարբեր, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման նպատակով նրա հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն ակումբ այցելած անձանց։ Ընդհանուր առմամբ, ըստ գործի, վերը նկարագրված եղանակով քննությամբ դեռեւս չպարզված ժամանակահատվածում ԻԻՀ-ից ՀՀ է ներմուծվել նվազագույնը 337.428 գրամ քաշով «Մեթամֆետամին», 4.0188 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ եւ 0.01483 գրամ ընդհանուր քաշով «Ալպրազոլամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց պարունակող դեղահաբեր։

Նշենք, որ Նասրին Կարչեգանիի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո վերջինիս գործն անջատվել էր ամուսնու եւ մյուս ամբաստանյալների գործից, սակայն հաշվի առնելով, որ Կարչեգանիի նկատմամբ դատաքննությունը որոշվեց հեռակա անցկացնել, գործը նորից միացավ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործին:

 

 

 

ՏՈՒՅԻ ԳՈՐԾՈՎ ՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Սպանված քրեական հեղինակություն Տույի գործով իրավապահները փնտրում են մեկ անձի. ի՞նչ են նկատել տեսագրության մեջ:

 

Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության գործով  իրավապահները փնտրում են մեկ անձի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, ուսումնասիրելով տեսախցիկը,  նկատել են, որ մի տղամարդ դրսում կրակոցներ է արձակում,  ու ներկայումս իրավապահները նրա ինքնությունն  են փորձում պարզել  եւ գտնել նրան:

Ի դեպ, նախաքննական մարմինը չի հրապարակում որեւէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետեւանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որեւէ վարկած չի հանրայնացրել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարեւորագույն վկան եւս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի «գողական է գնում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ.-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից, 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել է իրականացնել առաջնագծում գտնվող դիրքապահներին անհրաժեշտ սնունդ եւ պարագաներ մատակարարելու գործառույթը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, կատարելով ստանձնած պարտականությունները, Քարվաճառում գտվող «Թարթառ» գետի մոտակայքից գտել է հրազեն հանդիսացող «ՁԿի-8» մոդելի «32116» համարի 5,6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրացան, որն ապօրինի կերպով փոխադրել եւ պահել է իր տանը կից ավտոտնակում: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է: 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

Երեւանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային: Ոստիկանության  Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երեւանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը «ձախ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարեւանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի եւ Երեւանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է  Արման Մ.-ին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին եւ հանցագործության գործիք հանիդսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 




Լրահոս