Ինչպես և երբ անվստահություն կհայտնեն Հայկ Մարությանին. քվեարկության կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։

Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրել Հրաչյա Սարգսյանին։

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է օրենքի դրույթները, թե ինչպես է իրականացվելու անվստահության գործընթացը: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածում ասվում է.

1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: (Այս պահանջն արդեն իսկ կատարված է եւ նախագծում որպես թեկնածու նշված է Հրաչյա Սարգսյանի անունը):

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (ավագանին ունի 65 անդամ եւ իշխանական խմբակցությունն ունի մեծամասնության ձայներ, սակայն կան անդամներ, որոնք դեմ են այդ նախագծին եւ արդեն հայտնել են այդ մասին):

Հավելենք, որ ընդդիմադիր Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, թե ստացել են նախագիծը, սակայն դեռ միանալու կամ չմիանալու մասին որոշում չունեն: Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն եւս ստացել է այդ նախագիծը: Մենք տեղեկացանք, որ հնարավոր է նրանք միանան եւ անսվտահություն հայտնեն Մարությանին:

Ն.Հ.




Լրահոս