Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան… Տարիներ շարունակ, հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների խմբերգեր են ներառվել «Փարոսի» երգացանկում: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում` սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց միավորած ներառական երգչախումբն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում:
Փարոսն» իր գործունեությունը սկսել է որպես հոգեբանական վերականգնման գործառույթ իրականացնող ստեղծագործական միավոր: Խմբին հաջողվել է ոչ միայն հաջողությամբ կատարել այդ առաքելությունը, այլև բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել ստեղծագործական հատվածում. երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 խտասկավառակ: 28 տարի առաջ ձևավորված խմբին աջակցել է նույնանուն՝ «Փարոս» հիմնադրամը: Իսկ 2011 թվականից, երգչախմբի գլխավոր գործընկերն է դարձել Վիվա-ՄՏՍ-ը:
«Փարոսի» համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ, «Փարոսի» գործունեությունը խրախուսելու և թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 և 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) և նվաճել 2-ական արծաթե մեդալ:
«Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաև մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել և գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տևական ժամանակ հետևում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգևորվում ենք նաև մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրում։ Հատկապես հիշարժան են եղել «Փարոսի» հյուրախաղերը Լիբանանում (1997թ.), Վրաստանում (1998թ.), Ֆրանսիայում (2005թ.) և Ավստրիայում (2011թ.), ինչպես նաև հաջողված մասնակցությունը Մեծ Բրիտանիայում (2000թ.) և Իտալիայում (2003թ.) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։
2016թ. հունիսին «Փարոսին» պատիվ է ընձեռնվել հանդես գալ Ս. Էջմիածնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև։
«Փարոսի» գեղարվեստական ղեկավարը Րաֆֆի Միքայէլեանն է, իսկ 2016թ. մայիսից նոր խմբավարը Ռուբեն Կարասեֆերյանն է:
Համավարակն ու անցած պատերազմներն աշխարհում փոխել են շատերի գործունեության ընթացքն ու մեթոդները: «Փարոսն» իր գործունեությամբ ապացուցել է, որ երբ կա նպատակ և այն իրականություն դարձնելու ձգտում՝ հաջողությունը երաշխավորվում է: Անկախ հանգամանքներից՝ երգչախումբը հավատարիմ է մնացել իր անվանն ու նպատակներին՝ 2020 թվականին թողարկելով մի շարք տպավորիչ տեսանյութեր։ Իսկ ընթացիկ տարում վերսկսել է համերգային ելույթները։
«Փարոսը» գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից։