The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնն օրեր առաջ հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսը: Այդ ինդեքսով աշխարհի պետությունները բաժանվում են չորս խմբի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ ունեցողների։
Այս զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առել հինգ գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Իսկ այժմ ArmLur.am-ը կանդրադառնա Հայաստանի հավաքած միավորներին: Ըստ այդմ, ընտրական գործընթացների և բազմակարծության հարցում Հայաստանը հնարավոր 10 միավորից հավաքել է 5․5, կառավարության գործունեության արդյունավետությունը մեդիաընկերության վերլուծական կենտրոնը գնահատել է 5.71 միավոր, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:
Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը՝ երկու կետով գերազանցելով հարևան Վրաստանին։ Սակայն Հայաստանը 2020 թվականի համեմատությամբ բարելավել է իր միավորը 0,14 կետով՝ 2021 թվականին իր ընդհանուր միավորը հասցնելով 5,49-ի։
Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի «ավտորիտար վարչակարգերի» կատեգորիայի երկրների մեծամասնությունը գրանցել է իրենց միավորների անկում: Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը ճանաչվել են ավտորիտար: Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է, ավելի վատթար վիճակում է Ադրբեջանը, որը 2.68 միավորով 141-րդ տեղում է: Համաձայն զեկույցի՝ լիակատար ժողովրդավարական իշխանակարգ ունեցող երկրների առաջին տասնյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Իռլանդիան, Թայվանը, Ավստրալիան և Շվեյցարիան։
Ըստ զեկույցի, թեև Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը, սակայն դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված։
Նաիրա Հովհաննիսյան