ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ՄՈՒՏՔՆ ԱՐՑԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում անդրադարձավ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ մտնելու արգելքին: Ինչպես հայտնի է, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտել են ԱԺ նիստը եւ հայտարարել, որ մեկնում են Արցախ, սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել նրանց մուտքը։

 

Փաշինյանն իր խոսքում նշեց. «Տարակուսանքի տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս. որովհետեւ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Եվ, ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որեւէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել եւս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետեւ հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ»:

Ընդդիմադիր պատգամավորներն այն տեսակետն են արտահայտում, թե արգելքը եղել է ՀՀ իշխանությունների հրամանով: Բանն այն է, որ պատգամավորների՝ Արցախ մեկնելու մասին հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշել էր. «Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետեւ եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները, որովհետեւ մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջեւ, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացե՛ք ու ապահովե՛ք խաղաղություն հարեւանների հետ»,- ասաց նա:

Փաշինյանը, սակայն, այս ամենը տարակուսելի համարեց: Մինչ այս էլ հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որում մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ», -ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ասում են, որ ռուս խաղաղապահներն իրենց այդպես էլ բացատրություն չեն տվել, թե ինչու թույլ չեն տալիս անցնել:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետեւանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»։

Ալիեւը երեկ հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված է, Մինսկի խումբը դե յուրե կա, դե ֆակտո գոյություն չունի։ Նա նաեւ ասել է, որ նախատեսվում է 3+3 ձեւաչափով հանդիպում։

Մինչ Մոսկվան ու Բաքուն լուծում են իրենց խնդիրները, ՔՊ-ն ու խորհրդարանի «ընդդիմությունը» շարունակում են ձեռք ձեռքի մսխել Հայաստանի հնարավորությունները։ Թամաշաների ու նողկալի բանավեճերի փոխարեն՝ խորհրդարանն այս ընթացքում կընդուներ Հայաստանի իրավունքների ու շահերի վերաբերյալ կարեւոր որոշումներ՝ օգտագործելով պարբերաբար ի հայտ եկող նպաստավոր իրավիճակները։ Նման մի իրավիճակ էլ, ի դեպ, առաջացել է ներկայում, որը կարող է ավարտվել այս միջադեպով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ

Եվրամիությունը չի նպաստւմ Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանը, այլ փորձում Է կասեցնել այն: Այս պնդմամբ հադես Է եկել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգությոան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:  «Մենք չենք զարգացնում պատերազմը, մենք չեն նպաստում պատերազմի տարածմանը: Մենք փորձում ենք կասեցնել այն, ինչպես դրա տարածքային չափմամբ, որպեսզի այն չանցնի այլ երկրներ, այնպես Էլ ուղղահայաց չափմամբ, որպեսզի չօգտագործվի ավելի մահաբեր զենք: Եթե Եվրոպայի ղեկավարներն ասում են, թե Ուկրաինան պաշտպանում Է եվրոպական արժեքները, եւ նրանք պատերազմ են մղում, որը պաշտպանում Է մեզ, այլ կերպ վարվելը երեսպաշտություն կլիներ»,-ասել է նա: «Հունգարիայի Էներգետիկական կախվածությունը (ՌԴ-ից) տարբերվում Է Իսպանիայից: Անհրաժեշտ Է պատրաստել միասնական պատասխաններ, բայց դրա համար պետք Է լինեն համերաշխության ջանքեր: Առավել տուժածները պետք Է փոխհատուցում ստանան, որպեսզի մասնակցեն»,-ասել է նա:

 

 

ՄԱԿՐՈՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետեւել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին եւ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը ռուս զինվորականների կողմից ուկրաինացիների սպանություններին անդրադառնալու համար։ «Ես զգույշ կլինեմ նման եզրույթների հարցում, քանի որ այս երկու ժողովուրդները եղբայրներ են»,- ասել է Մակրոնը։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար առաջադրված Մակրոնը նշել է, որ Փարիզը Կիեւի հետ  համագործակցում է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Մեզ անհրաժեշտ է block 70 F-16, որը կոչվում է Viper: Սրա հետ միասին  մեր ունեցած F-16-ները պետք է արդիականացվեն։ Այս կապակցությամբ մենք գործընթացը սկսել ենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ միասին»,- ասել է նա։ Աքարն անդրադարձել է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին ուղարկված նամակին: «Թեեւ նամակում կան որոշ դրական տարրեր, սակայն պետք է զգույշ լինել. սա երկար գործընթաց է, մեր հույսն այն է, որ սա դրական արդյունքի կհանգեցնի»,-ասել է նա։

 

 

ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Այլ կերպ ասած, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման նպատակով գործադիրի կողմից կարող են տրամադրվել այլ երաշխիքներ։ Ըստ Սոցապ նախարարության՝ բյուջետային ծրագրավորման ներդրման շրջանակներում կառավարության 23.05.2013 թ. թիվ 590-Ն եւ 27.12.2018թ. թիվ 1556-ԱԳ որոշումների համաձայն՝ կառավարությունը հատկացնում է միջոցներ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու համար զինծառայողներին տրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով։ Վարկային միջոցների նպատակային օգտագործման արդյունքում զինծառայողների՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության եւ Ոստիկանության զինվորական կոչում ունեցող անձնակազմի համար կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը կդառնա առավել մատչելի, ինչը կհանգեցնի նրանց կենցաղային պայմանների բարելավմանը։ Մյուս կողմից, նշված 2 որոշումների ընդունման հիմքերը կառավարության հայեցողությունն է. բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով Կառավարությանը նման լիազորություն տվող նորմերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացումը շարունակելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Ի դեպ, նշենք, որ այս նախագծի ընդունումը ՀՀ 2022 պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի առաջացնի, քանի որ դրանով անհրաժեշտ ծախսերն արդեն իսկ նախատեսված են:

 

 

ՊՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Մարտի 3-ին ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին խոստացել են տանել Պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեռեւս քաղաքական իշխանություններին իր վերջնական համաձայնությունը չի տվել՝ արդյոք ուզում է գնալ ՊՆ խորհրդական: Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջիկայում Սյունիքի նախկին մարզպետի նշանակման հարցը կլուծվի, եւ նրան կոնկրետ առաջարկ է արվել, որ նա դառնա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Սյունիքի մարզի եւ Վայոց ձորի մարզի սահմանային հարցերի մասով: Ասել է թե՝ ՊՆ-ն Սյունիքում հատուկ ներկայացուցիչ է նշանակում, որը սահմանային իրավիճակի մասով անձամբ է զբաղվելու:




Լրահոս