Արտադրական կանեփի արտադրության լիցենզավորման պահանջները խախտելու համար կնշանակվի մեծ տուգանք: Ըստ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի՝ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելու համար կնշանակվի 5 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամի չափով:
Նշենք, որ Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ:
Բացի այս, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելու համար տուգանքի չափը կկազմի 10 մլն դրամ:
Ավելին, արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվում են: Իսկ քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելու համար կնշանակվի 20 մլն դրամի չափով տուգանք:
Սա դեռ ամենը չէ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելու համար եւս տուգանք կնշանակվի: Խոսքը 10 մլն դրամ տուգանքի մասին է: Մեզ հայտնի դարձավ, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելու կամ օրինական պահանջները չկատարելու համար տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս նախորդ տարվա կառավարության փետրվարի 4–ի իր նիստում հաստատել էր 2021 թվականի «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը»։ Դրանով նաև նախատեսված է արտադրական կանեփի աճեցման թույլտվություն, որն իբր կոչված էր մեղմելու կորոնավիրուսի և պատերազմի բերած տնտեսական հետևանքները։ Կհաջողվի արդյոք, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, նկատենք, որ Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը ոգեւորել է ֆերմերներին: Պարզվում է՝ կանեփի արտադրությամբ հետաքրքրվել են նրանք, որոնք նախկինում այդ գործունեությամբ զբաղվել են արտերկրում: Ըստ գործադրի՝ Հայաստանում տեխնիկական կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է: Բայց մյուս կողմից, նկատենք, որ կանեփի հումքը հնարավոր է օգտագործել նաև տեքստիլ արդյունաբերության մեջ եւ ներկեր, թուղթ նաեւ բժշկության մեջ կիրառվող յուղեր եւ կոսմետիկ միջոցներ ստանալ:
Ս.Հ.