ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության կատարման մեխանիզմները, տուժողների շրջանակը և պատճառված վնասի չափը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, 2019թ. հուլիսից մինչև 2021թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, թվով 9 և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, նախ իր կողմից հիմնադրված և տնօրինվող վարկային ընկերության, ապա իր կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 19 տարբեր անվանումներով իբրև վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցված էջերի միջոցով համացանցով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:
Հիշյալ հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրև վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող նախապես Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե իբր ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և գումարը տրամադրելու եղանակով ստացումը:
Այնուհետև, հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ և չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները, խաբեությամբ ներկայացրել, թե իբր անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն չեն տրամադրել և հափշտակել են:
Քննությամբ պարզվել է նաև, որ 32-ամյա տղամարդը և խմբի մյուս անդամներն իրենց հանցավոր գործունեության ընթացքում օգտագործել են նաև խաբեության այլ եղանակներ. մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզել են վերջիններիս անձնական տվյալները և նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերություններից մեկից առցանց ստանալով վարկային գումարներ, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, գումարները նրանց չեն տրամադրել և հասանելիություն ունենալով գրանցված հաշիվներին՝ կանխիկացրել և հափշտակել են:
Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված «Mobile Banking» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել և փոխանցելով այլ անձանց հաշիվների՝ հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են դրանք:
Քննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբի գործողություններից տուժել է 129 անձ, որոնցից խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 140․246․430 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննություն ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։