ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապետությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ:

 

Ըստ այդմ՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 29 դեպք՝ 2021թ. առաջին 7 ամիսներին կատարված 33 դեպքի դիմաց, եւ սպանության փորձի 24 դեպք՝ 29-ի դիմաց: Այսինքն՝ սպանության դեպքերը նվազել են 4-ով կամ 12%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 5-ով կամ 17%-ով: Քրեական վարույթների նյութերի ընթացիկ ուսումնասիրությունը վկայում է, որ սպանության եւ սպանության փորձերի դեպքերը հիմնականում կատարվել են կենցաղային եւ միջանձնային հարաբերությունների հողի վրա:

Բացի այդ, չնայած ՃԵԿ (ճանապարհային երթեւեկության կանոնների) հանցավոր խախտումների շուրջ 11%-ով ավելացմանը, զգալիորեն՝ ավելի քան 23%-ով նվազել են համեմատելի ժամանակահատվածում կատարված մահվան ելքով ՃԵԿ խախտումները: Եթե 2021թ. 7 ամիսներին արձանագրվել էր նման 138 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 106 դեպք:

Զգալիորեն նվազել են նաեւ հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցագործությունների դեպքերը, ինչպիսիք են ավազակությունն ու բնակարանային գողությունները: 2022թ. մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակության 18 դեպք, ինչը 7-ով կամ 28%-ով նվազ է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բնակարանային գողությունների դեպքերը 2022թ. առաջին կիսամյակում կազմել են 596 այն դեպքում, երբ 2021թ. նույն ընթացքում արձանագրվել էր նման 664 դեպք: Այսինքն՝ բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 10%-ով:

Նշված դրական միտումները պայմանավորված են վերջին տարիներին վերոնշյալ հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայման, ինչպես նաեւ առանձին դեպքերում պատժողական քաղաքականության խստացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական գործունեության եւ իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված համալիր միջոցառումներով:

Միեւնույն ժամանակ, սակայն, առանձին հանցատեսակներով նկատելի են հանցագործության դեպքերի աճի մտահոգիչ միտումներ:

Մասնավորապես՝ 53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91%-ով (263-503):

Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման եւ շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20%-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:

Առավել խնդրահարույց է համակարգչային տեխնիկայի կիրառությամբ կատարվող հափշտակությունների դեպքերի եռակի աճը: Եթե 2021թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է այս բնույթի 65 հանցագործության դեպք, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 263 դեպք: Վերջինս առավելապես պայմանավորված է հանցագործների կողմից հանցավոր մտադրությունների իրականացման եղանակների եւ մեթոդների կատարելագործման, ինչպես նաեւ հիմնականում քաղաքացիների կողմից իրենց առցանց անհատական տվյալների, բանկային, քարտային հաշիվների, էլեկտրոնային դրամապանակների ծածկագրերի պաշտպանության հարցում դրսեւորած անփութության, ցածր իրազեկվածության գործոններով:

Ընդ որում՝ նշված մի քանի ուղղություններով հանցագործությունների աճը, ըստ էության, եղել է կանխատեսելի, ինչով պայմանավորված է եղել ՀՀ դատախազության կողմից մինչ այժմ իրականացված լայն հանրային իրազեկման ապահովումը: Այդ շրջանակում բազմիցս բարձրացվել է համացանցային եղանակով հանցավոր ոտնձգությունների նախականխման նպատակով համապատասխան գործիքների գործադրման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պարագայում՝ նաեւ հանրային մերժողականության միասնական մթնոլորտի ձեւավորմանն ուղղված տեղեկատվական ակտիվ եւ համակողմանի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:

 

 

 

ԽԱԽՏՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

ՔԿ-ից հայտնում են, որ, նախնական տեղեկություններով, 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջեւ նշված դատարանի բակում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղեւորներին, ինչը նկատել են նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, որոնք անմիջապես մոտեցել են, օրենքով սահմանված կարգով ներկայացել եւ պահանջել չխախտել հասարակական կարգը եւ դադարեցնել հակաօրինական գործողությունները: Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են քննչական եւ վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առերեսումներ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ եւ տեղեկություններ, պարզվել են առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից վեցի ինքնությունը, որոնց նկատմամբ, բավարար ապացույցների համակցությամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Որպես խափանման միջոց հիշյալ վեց անձանց նկատամամբ կիրառվել է կալանավորումը, որոնցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԵՎՐՆԵՐԸ

Երեկ Politik.am-ը գրեց, որ Արցախից Երեւան գալու ճանապարհին ձերբակալվել եւ բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ինչու է ձերբակալվել՝ դեռ պաշտոնապես հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ՝ մինչ այդ արդյոք Արզումանյանը հրավիրվել է հարցաքննության որեւէ կարգավիճակով, որից հրաժարվել է, եւ դրա համար ուժայինները որոշեցին ձերբակալել նրան: ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարն այս պահին Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնի ՀԿԳ վարչությունում հարցաքննվում է, սակայն դեռ մեղադրանք չկա առաջադրված: Տեղեկացանք նաեւ, որ նրան հարցաքննության են հրավիրել 44-օրյա պատերազմի հանգամանքների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ այսօր զոհվածների եւ անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ գխավոր դատախազության առջեւ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանին ձերբակալել են պատերազմի մասնակիցների ծնողների բողոքի ակցիային ընդառաջ՝ ցույց տալու համար, որ պատասխանատվության են ենթարկում 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո Արցախի ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ 44-օրյա պատերազմը ավարտվեց հայկական բանակի պարտությամբ:

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. հունիսի 3-ին թվացյալ հասարակական-քաղաքական հայացքներն արտահայտելու պատրվակով «Դիմադրություն» շարժման անվան ներքո 2022թ. ապրիլի 5-ից իրականացվող զանգվածային միջոցառման ժամանակ Երեւան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Դիմադրություն» շարժումը համակարգողների եւ այլ անձանց հետ համաձայնեցված համախոհությամբ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացրել է բռնությամբ զուգորդված սադրիչ գործողություններ, որը վերածվել է զանգվածային անկարգությունների՝ հասարակական կարգի անվտանգության նկատմամբ ստեղծելով իրական սպառնալիք:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ինքնասպանության փորձ՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Ուրցաձոր գյուղում խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ գյուղի 34 տարեկան բնակչուհին տանը կուլ է տվել 3 հատ ասեղ: Հարազատները, բնակիչները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, եւ ներկայումս նա բժիշկների հսկողության տակ է: Իսկ թե ինչու է նա ասեղ կուլ տվել, առայժմ պարզ չէ:

 

 




Լրահոս