Փողերի լվացում՝ բանկի աշխատակցի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, ունենալով բանկոմատների վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու պարտականություն, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, կանխիկ ելքի հայտարարագրերի հիման վրա նրա տիրապետմանը հանձնված՝ բանկոմատների լիցքավորման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով կանխիկ թղթադրամներն օրինական հիմքերով ստանալուց հետո, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.555.671.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138.784.080 ՀՀ դրամի (գույքի) փոխարկում:

Հանցագործության բացահայտումից հետո Բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բանկի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:




Լրահոս