ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նման քաղաքային իշխանության հետ համագործակցելը պատիվ չի բերում իմ ընկերությանը: Մեր արժանապատվությունից ցածր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց համարում են Երեւանի նաչալնիկ: Սա բարոյական պայքարի հարց է: Ես բոյկոտ եմ հայտարարում այսպիսի քաղաքային իշխանությանը»,-երեկ նման կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս Երեւանի քաղաքապետարանին մեղադրում է իրեն պատկանող «Յունիքորն» ընկերությանը 110 հազար ԱՄՆ դոլար վնաս հասցնելու մեջ:
Բանն այն է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող մի շարք գովազդային վահանակներ ապամոնտաժվել էին Երեւանի ավագանու որոշմամբ` քաղաքի ընդհանուր տեսքի հետ կապված: «Ես որեւէ առարկություն չունեմ Երեւանի էսթետիկական տեսքը պահպանելու Երեւանի քաղաքապետարանի ցանկության դեմ: Իմ առարկությունը քաղաքապետարանի ընտրած մեթոդների եւ գործիքների ընտրության դեմ է»,-նշեց Արսենյանը` ասելով, որ իր ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցում ստանալու համար դիմելու են դատարան: «Եթե որեւէ մեկը որոշել է ինքնահաստատվել Արսենյանի հաշվով, ես այդ թույլ չեմ տա: Սա ինքնակառավարման մարմին է, եւ պետք է կարողանա կառավարել հասարակության բոլոր ոլորտները: Սա պաշտպանության նախարարությունը չէ, որ գնդապետը հրաման տա, ու կատարվի, սա ինքնակառավարման մարմին է: Մարդիկ մոռացել են այդ բառը, թող զբաղվեն աղբահանությամբ, Երեւանն աղբի մեջ կորած է, հոտն էլ տհաճ է»,-ասաց նա:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, անդրադառնալով Արսենյանի հայտարարություններին, ասել է, թե նա «շատ էմոցիոնալ է եւ շատ սուբյեկտիվ իր գնահատականների մեջ»: Սարդարյանը թեեւ հրաժարվել է մեկնաբանել այդ գնահատականները, բայց ասել է, որ Արսենյանի ասուլիսի ժամանակ Երեւանում գտնվող Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն քաղաքապետին ասել է, թե շատ տպավորված է երեւանցիների կարգապահությամբ եւ հիացած` քաղաքի մաքրությամբ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը չցանկացավ մեկնաբանել քաղաքապետարանի պատասխանը: Նա ընդամենը խորհուրդ տվեց. «Այդպես ասողներին հրավիրում եմ Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ, նայե՛ք քաղաքի տեսքին»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս