1 տոննա կոկաին Հայաստան ներմուծելու գործով ձերբակալվել է վարորդը. կան բերման ենթարկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մեկ տոննա կոկաին Հայաստան ներմուծելու գործով ձերբակալվել է թմրամիջոցը Հայաստան ներմուծած վարորդը, ինչպես նաեւ գործով բերման են ենթարկվել այլ անձինք:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում։

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկան




Լրահոս