Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը:
Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը: