Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 10-ին, ժամը 00.10-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի մարմնավաճառ և հայտնել, որ մի քանի աղջիկ իրեն ծեծի են ենթարկել Բագրատունյաց պողոտայում ` Երևանյան լճի մոտ և իրենից պահանջել 40.000 դրամ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Մեկնած օպերատիվ խումբը, ժամը 00.25-ին, մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց ` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով խփել և չթողնել, որ ինքը Շենգավիթի վարչական տարածք գա: Մարտի 9-ի երեկոյան, աղջկան է զանգահարել տղաներից մեկը և պահանջել 40.000 դրամ, սակայն մերժում ստանալով, սպառնացել է դանակով խփել, իսկ ժամը 23.00-ին Երևանյան լճի մոտ նրա վրա են հարձակվել հիշյալ տղաներն ու 2 մարմնավաճառները և ծեծել` պատճառել վնասվածք` ասելով, որ դա արել են իրենց չենթարկվելու և գումար չտալու համար:
Ժամը 02.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ աղջիկը և հայտնել, որ Երևանյան լճի մոտ իրեն ծեծել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղաների ու նրանց հետ շփվող մարմնավաճառների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: