«Հայաստանում գաղջ մթնոլորտ է, այդ պատճառով էլ իշխանական լծակներն օգտագործում են իրավական հետապնդան համար, որի զոհն էլ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է»,-այսօր Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ավետիսյանի գործի քննության ժամանակ փող տալ-առնել չի եղել, բայց գործն ուղարկվել է դատարան: Հարցս հետևյալն է՝ մինչև ե՞րբ են կառավարությունը ու իշխանությունը շարունակելու այդ… ժամանակն ավարտվեց ու Փաշինյանի լսափողն անջատվեց:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց այդ հարցին` ասելով, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՊՆ-ի հետ, սակայն պայմանավորվածությունները չեն կատարվել, դրանք խախտել է հենց Վոլոդյա Ավետիսյանը:
«Պայմանավորվածությունը եղել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ իմ կողմից՝ որպես Պաշտպանության նախարար: Ես ասել եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որը կզբաղվի ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Սակայն նրանք շարունակել են իրենց գործողությունները,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քաղաքական հետապնդում չի իրականացվում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ:-Քրեական գործը տեղին է հարուցվել»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ տպավորությունն այնպիսին է, որ Վոլոդյա Ավետիսյանին դատում են էլիտայի հետ պայմանավորվածությունները չկատարելու համար: «Իսկ ՀՀ օրենսդրությունում չկա Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի ասածը չանելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք: Այսինքն՝ Վոլոդյա Ավետիսյանին դատում են Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար: Բացի այդ՝ դուք պարբերաբար խոսում եք բանակի մարտունակության մասին, բայց մարտունակությունը միայն զինատեսակներից կախված չէ, կախված է նաև սպայի հետ վերաբերմունքից»,- մանրամասնեց ՀԱԿ պատգամավորը:
Սեյրան Օհանյանն էլ իր հերթին հակադարձեց՝ ասելով. «Եթե դուք չհասկացաք առաջին անգամվա իմ ասածից, ես նորկց կասեմ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ես գիտեմ՝ ինչ է բանակը, պայմանավորվածությունը: Ցավալին այն է, որ մեր նախկին սպաներն այնպիսի խախտումներ են անում, որոնց դեմ չի կարող պայքարել պաշտպանության նախարարությունը»: