ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԹԵԺԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարեւոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երեվանի նոր ձեւավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման ծրագիրը:

Բյուջեն եւ զարգացման ծրագիրը ներկայացնելու է քաղաքապետը, հաստատելու՝ ավագանին:

Ի տարբերություն խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է եւ ցանկացած որոշում կայացնում է միանձնյա եւ առանց խոչընդոտի, ավագանիում ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի:

Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ ՔՊ-ն եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը՝ 33:

Այսինքն՝ դեկտեմբերի 26-ին ամեն բան կախված է ընդդիմությունից. եթե չգնան ու չհաստատեն բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ՔՊ-ի համար Երեւանի կառավարման հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ֆրակցիաներն այս օրերին թեժ քննարկումներ են անում, հատուկ ֆինանսական խմբեր են ձեւավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն ու, ըստ այդմ, որոշում կայացնեն՝ գնում են նիստին, ինչպես են քվեարկելու այդ օրը:

Առաջիկայում նաեւ ավագանու ֆրակցիաները նիստեր կանեն ու վերջնական որոշում կկայացնեն այս մասով:

Ինչպես մեզ փոխանցեցին, ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են միասնական որոշում կայացնել ու մեկ ճակատով այդ օրը հանդես գալ:

Հավելենք, որ երեկ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ Երեւանի իշխանությունները՝ ՔՊ եւ «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիները:

Ընդդեմ այս թանկացումների նրանք երեկ ակցիա իրականացրին:

«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք այս թանկացումները զսպող ու ավտոկայանատեղիների համար նախատեսված վճարները կարգավորող նախագիծ բերել ավագանու նիստին։ Մեզ ասացին, որ դեռ նման քննարկում չեն ունեցել, մասնակցության եւ օրակարգի հետ կապված հարցերը քննարկելու են խմբակցության առաջիկա նիստին:

 

 

ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ եւ «Գնանշման հարցում»  գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք եւ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։ Նշված գնումների  գործընթացների արժեքը կազմել է 7 մլն 810 հազար դրամ։ Սրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ Ազգային ժողովի 334 սենյակի կահույքը գտնվում է անմխիթար վիճակում։ Նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված, աթոռները՝ հնամաշ, քանդված կարերով: Եւ ստացվում է, որ Ազգային ժողովը զվարճանքների եւ տուրիստական այցերի համար պետբյուջեում միլիոններ ունի, սակայն 334 սենյակը մաշվում ու մաշվում է: ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ-ի բակում սրճարան է կառուցվում, ընդ որում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ցուցումով դեկտեմբերյան ցրտին սալիկապատում են սրճարանի ճեմուղին։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական  շրջանում  գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Մասնավորապես, պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջեւ: Ավելին՝ ամենացավալին այն է, որ այս հանցավոր խմբին չեն կարողանում բացահայտել իրավապահները։ Բայց սա դեռ վերջը չէ. հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը եւս ներգրավված  է եղել այդ գործարքների մեջ։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ եւ կոնյակներ է գնել։ ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն եւ պատրաստված լինեն 50% Ոսկեհատ եւ 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։ Հաջորդ գնումը կատարվել է 10 տարի հնեցմամբ «Ախթամար» կոնյակի ձեռք բերման համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ կոնյակի գույնը պետք է լինի հիասքանչ սաթյա գույն, որն ունի պղնձային գունախաղ, բույրը՝ աշխույժ եւ նրբագեղ։ Կոնյակների քանակը 12-ն է։ Ձեռք է բերվել եւս 10 կարմիր կիսաչոր գինի՝ «Կարաս» ապրանքանիշի։ 20 տարվա հնեցմամբ 3 հատ «Նաիրի» կոնյակը ՆԳՆ-ի համար արժեցել է 105 հազար 750 դրամ։ Գնումները կատարված է մեկ անձից գնման ընթացակարգով «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ից։ ՀՀ հանրային իշխանությունները սովորություն են դարձրել կոնյակներ գնելը, այն էլ՝ ոչ թե արտադրողից, այլ այն կազմակերպությունից, որը վերավաճառում է խմիչքները, ինչպես, օրինակ, «Վինո-Վինո»  ՍՊԸ-ի դեպքում է։ Հավելենք նաեւ, որ խմիչքներ գնելու դեպքում, եթե գնում կատարվեր հենց արտադրողից, գուցե ավելի էժան կլիներ նախարարության համար։

 




Լրահոս