Հայտնի «Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակը գնալով վատանում է. բժիշկները ոչ մի երաշխիք չեն տալիս: Այս մասին այսօր Armlur.am-ին հայտնեց ամբաստանյալի մայրը ` տիկին Փառանձեմը:
«Օգոստոսին ` բռնելու օրը, Արթուրը լրիվ անզգայացել էր: Անշնչացած էտ մելիցա կոչեցյալները տարել էին Սուրբ Գրիգոր հիվանդանոց: Նույն վիճակը համարյա ամեն օր էլ կրկնվում է. ընկնում գլուխն է վնասում: Հիմա էլ տարին երկու անգամ սիստեմային բուժում է ստանում, սրան գումարած ` ամեն օր դեղեր է օգտագործում: Էս վերջերս էլ էնքան էր վատացել, որ շտապ օգնություն են կանչել, բժիշկն էլ ասել էր, որ պետք է շտապ տեղափոխեն հիվանադանոց»,- հայտնեց դատապարտյալի մայրը ` հավելելով, որ ամեն անգամ դատական նիստերը հետաձգվում են, քանի որ Անդրեասյանը, մոր խոսքերով, գրեթե կիսամեռ վիճակով է ներկայանում դատարանին:
Տիկին Փառանձեմի փոխանցմամբ ` դատապարտյալը չի կարողանում արձագանքել շրջակա միջավայրին և իր պատասխանները մեխանիկորեն է տալիս ՝ առանց հասկանալու դրանց իմաստը:
«Ոչ մեկին չի հասկանում. ապուշի հայացքով նայում է: Երեք անգամ պաշտպանը հարցը կրկնեց, հետո Արթուրը կարողացավ պատասխանել:Մեղադրողն էլ ասում է, թե բա ասում եք չի կարողանում արձագանքել: Իսկ բժիշկներն էլ եկել են այն եզրահանգման, որ Արթուրի խափանման միջոցը շտապ պետք է փոխել»,- ասաց դատապարտյալի մայրը ` նշելով նաև, որ ինքը բազմիցս դիմել է ՄԻՊ-ին, Արդարադատության նախարարին, և անհասկանալի հիմնավորումներից բացի ուրիշ պատասխան չի ստացել:
«Էս մարդիկ առանց փողի ոչինչ չեն անում, չեմ հասկանում ` էս ի՞նչ պատվերա: Հենց էրեխես մահանա, է՞տ ժամանակ ա լավ լինելու բոլորի համար: Իրավիճակն արդեն անկառավարելի է»,- ասաց տիկին Փառանձեմը ` հավելելով, որ անգամ թուրքն այսպիսի բան չէր անի հայի նկատմամբ:
Տաթև Հարությունյան
Լուսանկարը ` iravaban.net-ի