ՌԴ պետական դումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի նոր զիջումների համար, մասնավորապես` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ փորձում է երևալ մի մարդ, որ ստիպված է դիմել դրան:
Նշենք, որ ռուս պատգամավորը չի համարում Ադրբեջանին Ռուսաստանի դաշնակից՝ անգամ Հայաստանի արևմտամետ ֆոնին։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ասաց, որ այս հայտարարություններով Ռուսաստանը կոնֆլիկտ է հրահրում։
«Ես Զատուլինին հարցնում եմ՝ այնտեղ ռուսներ կան չէ՞ կանգնած, իրենք իրենց գլուխը ի՞նչ պատին են տալիս, որ անվտանգություն չեն ապահովում։ Իրենք ի՞նչ են անում այդտեղ։ Իրենց կանգնեցրել են այդտեղ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գյուղերը տա՝ իրենք էլ ասեն մի տո՞ւր։ Իրենք կոնֆլիկտ են հրահրում։ Ես իրենց պահանջում եմ, որ Ռուսաստանն իր աշխատանքը կատարի, եթե Ռուսաստանն իր պարտականությունը չի կատարում, ապա իրենց պատգամավորների «զռռոցները» մեզ հետաքրքիր չի։ Թող «վեշերը» հավաքեն ու «ռադները» քաշեն։ Այ երբ Ռուսաստանը ռադը կքաշի այդտեղից, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ էլ չի անի»,- ասաց Սուքիասյանը։
Սուքիասյանը նաև նշեց, որ Զատուլինը ձևական ճշմարտություններով սոփեստություններ է անում, և որ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում Թուրքիայից և Ադրբեջանից շատ պաշտպանում է Ռուսաստանը։
«Ես իրենց հարց եմ տալիս, դուք չէ՞իք, որ ձեր գտնվելու վայրում, որտեղ դուք պետք է գտնվեիք Արցախում, պետք է գտնվեիք 3 պետությունների համաձայնությամբ։ Դուք հայտարարում եք, որ Ադրբեջանը կատարել է հակաահաբեկչական գործողություն, և մի ամբողջ 120 հազար մարդու իր աչքի առաջ շպրտել են դուրս։ Դուք չե՞ք արել, դուք եք արել , հիմա դուք եք Ադրբեջանի շահերը սպասարկո՞ւմ, թե՞ Հայաստանի իշխանությունը»,- հավելեց Սուքիասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հովանավորել թուրքական աշխարհի կամ ռուս-թուրքական աշխարհի համագործակցությունը, այն է՝ Հայաստանին չթողնել շանս ապրելու։
«Զատուլինը թող մեզ բացատրի ինչու է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Արցախի մասին է։ Ըստ էության, Արցախի շուրջ ստեղծված հայտարարություն է։ Ինչու է, որ ռուսական զորքերը գտնվում են Արցախում, բայց Արցախում արցախցի չկա։ Ինչո՞ւ է այդպես։ Ինքը թող սա բացատրի։ Մենք ինչ որ կուզենք կանենք, մեզ պետք է մենք լուսնի հետ էլ ենք բանակցելու, եթե մեզ պետք է Թուրքիայի հետ էլ ենք բանակցելու և իրենք այստեղից «ֆուկ» են լինելու։ Իրենք 200 տարի է խցկվել են Հայաստանի մարմնի մեջ, Հայաստանի արյան հավերժ շահառուն են։ Հանում Թուրքիային ուղարկում են մեր դեմ, որպեսզի հետո իրենք գան որպես մեր փրկիչ, թող հեքիաթներ չպատմեն մեզ»,- ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը նաև հավելեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է, Ռուսաստանը իրեն թշնամի պետություն է համարում Հայաստանի Հանրապետությանը և ավարտելով զրույցը ասաց․
«Իրենք Արցախում կազմակերպեցին սպանդ, արցախահայությանը տեղահանեցին, 9 ամիս Լաչինի միջանցքը փակեցին, սովամահության ենթարկեցին ժողովրդին, հիմա էլ եկել ու ասում է՝ դե գիտեք ինչ կա, Ադրբեջանը մեր դաշնակիցը չի, բա ո՞ւմ դաշնակիցն է։ Ինքը սուտ է խոսում, իրենց դաշնակիցը Ադրբեջանն է։ Զատուլինի նպատակն այն է, որ մեր ժողովրդի հույզերի հետ խաղա և տրամադրի իշխանության դեմ»։
Աննա Սրապիոնյան