Երևանի քաղաքապետարանը Ամանորից 2 ամիս առաջ արդեն իսկ սկսել է ամանորյա տոնակատարությունների գնումները։
Երևանի քաղաքապետարանը Արսեն Խնգոյան Վալերիկի ԱՁ-ի հետ կնքել է պայմանագիր մեկ անձից գնման եղանակով, պայմանագրի երկրորդ կողմը պարտավորվել է ստանձնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ամանորյա մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների կատարումը։
Համաձայն պայմանագրի՝ Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպման շրջանակում վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգու տարածքում տեղի ունեցող համերգին պետք է ապահովվի երգչուհի Դլիթի և նվագակցող DJ-ի մասնակցությունը, տևողությունը՝ առնվազն 30 րոպե։
Մշակութային միջոցառմանը պետք է ներկա լինեն 4-5 հեքիաթային կեպարներ, Ձմեռ պապ և Ձյունանուշ։ Պետք է ապահովել 8-10 կիլովատտ հզորությամբ բարձրակարգ ձայնային համակարգ՝ կենդանի ձայնով կատարման համար, որոնք պետք է ճշգրիտ մոնտաժվեն համապատասխան մասնագետների կողմից տարածքի ակուստիկ հնչողությունն ապահովելու համար։
Պայմանագրով նաև սահմանված են տեխնիկական մի շարք պահանջներ։ Այդ թվում համաձայն՝ պատվիրատու՝ Երևանի քաղաքապետարանի, պահանջի մատակարարը պարտավոր է ապահովել բեմի չափերին համապատասխան Աջափնյակ վարչական շրջանի տարբերանշանով ցուցապաստառի առկայությունը։
Համաձայն պայմանագրի՝ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 15-20-ը։ Պայմանագրով սահմանված ծառայությունների արժեքը կազմել է 2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 5 մլն դրամ էր հատկացրել Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար։
Արսեն Խնգոյան ԱՁ-ն հիմնադրվել է հեղափոխությունից մեկ ամիս հետո՝ 2018 թվականի հունիսի 6-ին։ Այս ԱՁ-ի հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագրեր սկսել է կնքել 2018 թվականից։ Պայմանագրերից շատերը կնքված են Աջափնյակ վարչական շրջանում միջոցառումների կազմակերպման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան