ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ Հ. ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԾ ՈՒԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորը բացահայտումներ արեց աղմկահարույց հաղորդագրությունների, իր կողմից արտահոսքի եւ Փաշինյանի կայացրած միանձնյա որոշումների մասին։

 

-Պարո՛ն Աղազարյան, այս պահին նոր կուսակցություն եք հիմնում եւ փետրվարի սկզբին նոր համագումար ունեք: Գիտենք, որ համագումարը ցանկանում եք անցկացնել հանդիսավոր կերպով: Ովքե՞ր են ներկա լինելու համագումարին, ովքե՞ր են ընդունել հրավերը: Խոսքը, հիմնադիր անդամներից բացի, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրելու մաիսն է:

-Ոչ ոքի չենք հրավիրել: Ով էլ գա՝ սիրով կընդունենք, սակայն ոչ ոքի չենք հրավիրել: Նման պատասխանատու միջոցառումներ կազմակերպելու փորձ չունենք, իսկ հյուրերին հրավիրելը եւ դիմավորելը, պատշաճ կերպով միջոցառումն անցկացնելը պահանջում է շատ լուրջ աշխատանք, որը չենք հասցնի: Հետեւաբար, նախաձեռնող խմբի հանդիպման ժամանակ որոշել ենք, որ ոչ ոքի չենք հրավիրելու: Լրագրողներին ենք տեղեկացնելու, որ ով հետաքրքրված է՝ ամսի 8-ին՝ ժամը 10:00-ին, գա «Մարիոթ Արմենիա» հյուրանոց լուսաբանելու համար:

-Փաստորեն ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ հրավիրված չէ, ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից:

-Ոչ. ոչ ոքի չենք հրավիրել:

-Իսկ ունե՞ք կուսակցության ապագա անդամների ցանկ, ովքեր ցանկություն են հայտնել՝ Ձեր կուսակցության մի մասը դառնալու. հայտնի դեմքեր, քաղաքական անցյալ ունեցող մարդիկ:

-Հանրության լայն շրջանակներին հայտնի ոչ մի դեմք չկա: Կան մարդիկ, որոնք այս պահին իրենց հասարակական սոցիալական վիճակին համապատասխան ակտիվություն ունեն, կան օրենքով սահմանված քանակն ապահովող մարդիկ:

-Ինչի՞ց եք սկսելու, պարո՛ն Աղազարյան, ո՞րն է Ձեր առաջին գործողությունը: Օրինակ՝ հիմա մեծ պայքար է ընթանում տրանսպորտի թանկացման դեմ: Կուսակցությունը ի՞նչ է պատրաստվում անել, արդյոք դրա շո՞ւրջ եք սկսում ձեր պայքարը, թե՞ այլ ոլորտից:

-Քանի որ առիթը եղավ, նշեմ. տրանսպորտի հետ կապված պայքարելու բան չունենք: Ես կարծում եմ, եւ ժամանակին ասել եմ Տիգրան Ավինյանին, որ իր մշակած ծրագրերը ձախողվել են թե՛ տրանսպորտի, թե՛ աղբահանության հարցում՝ անկախ նրանից, թե ինչ գին կդնեն: Կար հաջող համակարգ, մասնավոր սեկտորն էր դա: Որոշակի պայմաններ էր դրվում, չափանիշներ՝ ավտոբուսների վարորդների հագուկապի համար, այդ դեպքում սեփականատերերը պարզապես եկամուտ էին ստանում եւ հարկ վճարում պետությանը, որի հաշվին պահվում էին այն գծերը, որոնք քիչ են ծանրաբեռնված:

Մենք պայքարելու ենք ընտրությունների ֆորմատով եւ կարեւորագույն հարցերից մեկը մեզ համար, որի շուրջ համաձայնության չենք գալիս, Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի նկատմամբ մեր վերաբերմունքն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԻՑ ՊԱՐԳԵՎ ՉՎԵՐՑՐԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր՝ 2022 թվականի մարտի 3-ի հայտարարության համաձայն լքեց Հայաստանը, չի եկել անգամ պետական պարգեւ ստանալու: Իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել:

Այսպիսով, հաջողակ եւ հայրենասեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ Հայաստան ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանը: Ֆուտբոլիստը, հիշեցնենք, երկու տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականում ավարտում է կարիերան` հեռանալով Հայաստանից, քանի որ ո՛չ Մխիթարյանի, ո՛չ նրա մոր` Մարինա Թաշչյանի նկատմամբ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմակիցները լավ վերաբերմունք չցուցաբերեցին` հեռացնելով անգամ ՀՖՖ գործկոմից:

Եվ այսքանից հետո Հենրիխ Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով եւ անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանան պետական պարգեւը:

«Ժողովուրդ» օրաթերթը սա փաստող կադրեր գտավ նաեւ հենց պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կառավարության պաշտոնական հոլովակում ասվում է, որ Մխիթարյանը լավագույնն է հռչակվել առցանց քվեարկությամբ, սակայն գործադիրը, փաստացի, չի կարողացել գտնել նրան, խնդրել, համոզել, որ գա Հայաստան:

Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել պահանջված ֆուտբոլիստին հանձնել պարգեւը:

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՌԴ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Ադրբեջանի իրավապահ մարմինները Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից շրջաններում հանցավորության դեմ պայքարի համալիր օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Սահման-վահան» ծածկանունով գործողությունն իրականացվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարների միջեւ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն։

Գործողությունը կտեւի մինչեւ փետրվարի 10-ը։ Դրա շրջանակներում ոստիկանական դիրքեր են տեղակայվել Ադրբեջանի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում գտնվող մի շարք շրջաններում։

Նշվում է, որ ըստ Azertag գործակալության, «գործողությունների հիմնական նպատակն է սահմանային համագործակցության հարցերի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացումը, անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների անդամների բացահայտումն ու վնասազերծումը, կազմակերպչական եւ գործնական համալիր միջոցառումների իրականացումը զենքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, թմրանյութերի փոխադրման ուղիները բացահայտելու եւ կանխելու համար»:

 

 

 

 




Լրահոս