Մինչ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:
Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեեւ ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրեւ հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջեւ, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեեւ նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:
Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչեւ երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որեւէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել եւ ոչ էլ որեւէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:
Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաեւ այդ «մեծ ընտանիքի» անդամները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպում ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում մի քանի անգամ հետաձգված ու այդպես էլ անորոշ մնացած «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկից, բայց այդպես էլ մնաց օդում առկախ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: Այսօր ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա ձախողած նախագիծը: Ակնհայտ է, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հատկապես Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։ Առաջիկայում պաշտպանական կողմերին կկանչեն կոմիտե եւ կհայտնեն նախաքննության ավարտի եւ գործը դատարան ուղարկելու մասին։ Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։ Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն մարմինը 2024 թվականի զեկույցում գրել է, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է նույնը՝ 47: Ոչ մի տեղաշարժ չկա: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել: Տեղեկացնենք, որ 0-ն, ըստ «Թրանսփարենսիի», բացարձակապես կոռումպացվածն է, իսկ 100-ը՝ բացարձակապես մաքուր սանդղակը, իսկ եթե արդեն 2 տարի նույն թիվն է ֆիքսում այս անկախ մարմինը, նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի իշխանությունը 0 արդյունք է տվել: Սա այն դեպքում, երբ Արեւմտյան տարաբնույթ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, երբ հակակոռուպցիոն տարբեր մարմիններ են հիմնվել՝ այդ թվում եւ առանձին դատարան, բայց, միեւնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցը արձանագրել է անարդյունք աշխատանք. ոչ մի տեղաշարժ չկա:



















































































