Կենսաթոշակային համակարգի ներդրումից որոշ ժամանակ անց մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ ՀՀԿ-ի ներսում կան մարդիկ, որոնք իրենց հոգու խորքում դեմ են կենսաթոշակային համակարգին:
Հրապարակումներից շատ չանցած` ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ պատգամավորը կենսաթոշակային համակարգին այս տեսքով դեմ արտահայտվեց: Մմասնավորապես, Կարապետյանը կարծում է` «պարտադիր» բաղադրիչն աներկբա պիտի հանվի:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից այսօրվա մամլո ասուլիսում armlur.am-ը հետաքրքրվեց` արդյոք Կարեն Կարապետյանի այդ հայտարարությունը մտահոգիչ չէ:
«Ո՛չ, քանի որ նա արտահայտել է իր անձնական տեսակետը, և այդ հայտարարության մեջ այդպես էլ գրված է»,-պատասխանեց պատգամավորը:
-Իսկ հաջորդ ՀՀԿ-ականը ո՞վ է լինելու, որ նման անկեղծ հայտարարություն կանի:
-Դուք կարծում եք, որ մնացած բոլորը կե՞ղծ են արտահայտվել:
-Մամուլի հրապարակումներին հղում անելով է արվում այն ենթադրությունը, որ շատ ՀՀԿ-ականներ իրենց հոգու խորքում դեմ են այս համակարգին:
-Կարծում եմ` մամուլի հրապարակումներին հղում անելը ճիշտ չէ, քանի որ դուք հոգու մասին եք խոսում:
-Իսկ Կարեն Կարապետյանի գնահատականի մասին ի՞նչ կասեք:
-Դա Կարեն Կարապետյանի գնահատականն է, որի մասին ինքն իր հայտարարության մեջ խոսել է:
Սոնա Դավթյան