2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմի ներկայացուցիչների գույքային հայտարարագրերը շարունակում են հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում։
Այս անգամ քննարկումների թիրախում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 15-րդ համարը՝ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որի ներկայացրած հայտարարագրում առկա թվերը ոչ միայն զարմանք, այլև լուրջ հարցեր են առաջացնում։
2025 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն նրա պաշտոնական հայտարարագրում առավել ուշագրավը ոչ թե նոր պաշտոնն է, այլ՝ եկամուտների բաժնում արձանագրված աղմկահարույց թիվը։
Ըստ հայտարարագրի՝ միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից աշխատանքի վարձատրության տեսքով Լիլիթ Մակունցը ստացել է 1 միլիարդ 308 միլիոն 351 հազար 200 դրամ։ Այո՛, ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ պետական աշխատավարձի տեսքով։ Սրան գումարվել են նաև վարչապետի աշխատակազմից ստացած 3 մլն 214 հազար դրամը, ԱԳՆ-ից հավելյալ 2 մլն 851 հազար դրամ վճարումը և 2 մլն 297 հազար դրամ եկամտային հարկի վերադարձը։ 
Արդյունքում՝ Մակունցի հայտարարագրված տարեկան եկամուտը հատել է 1 միլիարդ 317 միլիոն դրամի շեմը։
Այս թվերը բնականաբար բուռն արձագանք են առաջացրել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Հանրության շրջանում սկսեցին հարցեր հնչել՝ ինչպե՞ս կարող էր պետական պաշտոն զբաղեցնող անձը մեկ տարում նման չափի աշխատավարձ ստանալ, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունները շարունակ խոսում են սոցիալական արդարությունից և պետական համակարգում «համեստ ծառայությունից»։
Սակայն սկանդալային թվերի հրապարակումից հետո Լիլիթ Մակունցը փորձեց մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, թե խոսքը «տեխնիկական վրիպակի» մասին է։
«Ստորակետի պակասի պատճառով վերջում երկու զրո է ավելացել»,- լրագրողների հետ զրույցում արդարացել էր նա՝ վստահեցնելով, որ ստացել է իր պաշտոնին համապատասխանող սովորական աշխատավարձ, ոչ թե միլիարդ դրամ։
Բայց այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ եթե դա ընդամենը տեխնիկական սխալ է, ապա ինչո՞ւ մինչ օրս հայտարարագիրը պաշտոնապես չի շտկվել։
Փաստացի, հրապարակային հարթակում շարունակում է մնալ հենց միլիարդանոց աշխատավարձի տվյալը, իսկ հանրությունը դեռևս չի տեսել որևէ պաշտոնական ուղղում կամ ճշգրտված թիվ։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսում է «վրիպակից», սակայն պետական ռեգիստրում շարունակում է պահպանվել բոլորովին այլ իրականություն։
Միևնույն ժամանակ հայտարարագրից պարզ է դառնում, որ Մակունցը 2025 թվականին ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում՝ 35 մլն 296 հազար 115 դրամ արժեքով։ Գործարքը կատարվել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի հետ։ Նույն գումարի չափով հայտարարագրվել է նաև փոխառություն՝ կրկին «Ջերմուկ Գրուպ»-ից։
Տարեվերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 28 մլն դրամ։
Մակունցը չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։ Նրա բանկային հաշիվներում եղել է 19 հազար 81 դոլար և ավելի քան 1 մլն դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 500 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը մասնագիտությամբ բանասեր է։ Նա ղեկավարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եղել մշակույթի նախարար, ապա՝ Հայաստանի դեսպանը ԱՄՆ-ում։ 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Սակայն անկախ կենսագրական ճանապարհից՝ գլխավոր հարցը մնում է անպատասխան․ իրականում որքան եկամուտ է ստացել վարչապետի գլխավոր խորհրդականը, և ինչպե՞ս է հնարավոր, որ նման աղմկահարույց «տեխնիկական սխալը» մինչ օրս շարունակի մնալ պաշտոնական հայտարարագրում։
Քանի դեռ փաստաթուղթը չի շտկվել, հանրային կասկածներն ու հարցերը միայն խորանալու են։
Սոնա Գրիգորյան






























