Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Չատուչակ շրջանում գտնվող Rong Beer Na Lat Phrao բարում կիրակի ուշ երեկոյան բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, ևս 71-ը վիրավորվել են։ Վիրավորներից 25-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է բեմի հարակից հատվածում և շատ արագ տարածվել ամբողջ սրահով։ Էլեկտրամատակարարումը խափանվել է, իսկ այցելուները խուճապահար փորձել են դուրս գալ շենքից։ Հրշեջները դեպքի վայր են ժամանել կեսգիշերից անմիջապես հետո և մոտ կես ժամում մարել կրակը։
Իշխանությունների տվյալներով՝ զոհերի մեծ մասը հայտնաբերվել է զուգարաններում, որտեղ նրանք փորձել էին ապաստանել։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել օդորակիչի էլեկտրական կարճ միացումը, սակայն վերջնական պատճառը դեռ քննվում է։
Բանգկոկի նահանգապետը հայտնել է, որ կրակի արագ տարածմանը կարող էին նպաստել շենքի դյուրավառ ներքին հարդարանքը և հնարավոր խոչընդոտները արտակարգ ելքի մոտ։
Իշխանությունները 30 օրով փակել են շենքը և սկսել են դեպքի հանգամանքների համակողմանի քննությունը։
Անի Վարդանյան




























