Երեկ մեկնարկեց ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ինչ է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավորը՝ 2021 թվականին պաշտոնը ստանձնելու պահից մինչև 2025 թվականը։
Արթուր Խաչատրյանի անցած աշխատանքային ուղին
Մինչ պատգամավորական գործունեություն ծավալելը, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը պետական կառավարման համակարգում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 2016-2017 թվականներին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, որից հետո՝ 2017-2018 թվականներին, զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այնուհետև, 2018 թվականի մայիսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար և պաշտոնից ազատվել հոկտեմբերի 4-ին։ 2019 թվականին նա նշանակվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2021 թվականի հունիսի 20-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է։
2021-2025 թվականներին Արթուր Խաչատրյանի գույքը նկատելիորեն պակասել է․ եթե պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր 7 անշարժ գույք, ապա 2025 թվականի վերջին դրանց թիվը նվազել է՝ հասնելով 4-ի (բնակարանների վաճառքի և փոխանցման հետևանքով)։ Դրան զուգահեռ, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին ավելացել են նրա բանկային ավանդներն ու դրամական հաշիվները
Խաչատրյանի ունեցվածքը պաշտոնը ստանձնելու պահին
2021 թվականին պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Արթուր Խաչատրյանը ներկայացրել էր յոթ անշարժ գույք։ Դրանց թվում էին Արաբկիրում գտնվող բնակարանի 1/3 բաժնային սեփականությունը (ձեռք բերված 2020թ․ այլ եղանակով), Արաբկիրում համատեղ սեփականությամբ գնված մեկ բնակարան, Դավթաշենում 2014 թվականին գնված բնակարան, Կենտրոն վարչական շրջանում ժառանգություն ստացված անհատական բնակելի տան 1/12 բաժնեմաս, Արաբկիրում գնված ավտոկայանատեղի, Աջափնյակում 2010 թվականին ժառանգած բնակարան և Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ժառանգած հողամասի 1/6 բաժնեմաս։
Այդ պահին նա տրանսպորտային միջոց չի ունեցել։ Բանկային հաշիվներում առկա է եղել ընդամենը 20 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները կազմել են 3 միլիոն դրամ։ Հայտարարագրված է եղել նաև մեկ բաժնեմաս, որի արժեքը նշվել է 0 դրամ։ Եկամուտների բաժնում ներառված 12 միլիոն 232 հազար 686 դրամից 8 միլիոն 646 հազար 923 դրամը ստացված վարկ է եղել «Արդշինբանկ»-ից, 1 միլիոն 673 հազար 688 դրամը՝ «Ամերիաբանկ»-ից, իսկ 896 հազար 421 դրամը՝ «HSBC Բանկ Հայաստան»-ից։ Մնացած մասը ձևավորվել է Պետական կառավարման ակադեմիայից (405 հազար 452 դրամ), «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամից (315 հազար դրամ), ՀՀ ֆինանսների նախարարությունից (180 հազար 25 դրամ), «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից (78 հազար դրամ) և Հայաստանում ֆրանսիական համալսարանից (37 հազար 177 դրամ)։ Վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 11 միլիոն 216 հազար 932 դրամ։ Նա հանդիսացել է «Ագրիմակ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, որը 2021 թվականի հուլիսի 30-ին 10 տարի ժամկետով հանձնել է հավատարմագրային կառավարման կնոջը՝ Գոհար Կարապետյանին։
2021 թվականի տարեկան հայտարարագիրը
2021 թվականի ընթացքում Արթուր Խաչատրյանը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան՝ 25 միլիոն 498 հազար 850 դրամ արժողությամբ, ինչպես նաև 1 միլիոն 950 հազար դրամ արժեքով ավտոկայանատեղի։ Տարվա վերջում նա շարունակել է տիրապետել ընդհանուր 7 անշարժ գույքի։
Տրանսպորտային միջոց տարվա ընթացքում չի ունեցել։ Տարվա վերջին բանկային հաշիվներում ունեցել է 724 հազար 627 դրամ, 326 ԱՄՆ դոլար և 4 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները կազմել են 3 միլիոն դրամ։ Տարեկան եկամուտները կազմել են 15 միլիոն 420 հազար 769 դրամ, որից 3 միլիոն 576 հազար 270 դրամը՝ ԱԺ-ից ստացված աշխատավարձն է, 405 հազար 452 դրամը՝ Պետական կառավարման ակադեմիայից, 315 հազար դրամը՝ «Ավրորա» հիմնադրամից, 397 հազար 974 դրամը՝ Ֆինանսների նախարարությունից, 78 հազար դրամը՝ «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 37 հազար 177 դրամը՝ Ֆրանսիական համալսարանից։ Բացի այդ, ներգրավվել են նոր վարկային միջոցներ, իսկ տարեվերջին վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 10 միլիոն 610 հազար 896 դրամ։
2022 թվականի տարեկան հայտարարագիրը
2022 թվականի սկզբին ունեցած 7 անշարժ գույքից Արթուր Խաչատրյանը հունիսի 15-ին 51 միլիոն դրամով վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը Արա Գրիգորյան Մկրտչին։ Տարեվերջին նրա սեփականությունում մնացել է 6 անշարժ գույք։ Տրանսպորտային միջոց նույնպես չի հայտարարագրվել։
Տարվա վերջում պատգամավորը ձևավորել է 11 հազար ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։ Բանկային հաշիվներին առկա է եղել 868 հազար 619 դրամ, 2 հազար 495 դրամ, 36 դոլար և 4 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները կտրուկ աճել են՝ 3 միլիոնից հասնելով 25 միլիոն դրամի։ 2022 թվականի ընդհանուր եկամուտները կազմել են 7 միլիոն 858 հազար դրամ, որից 6 միլիոն 45 հազար 995 դրամը ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 848 հազար 540 դրամը՝ ավանդի տոկոս ՀՀ ֆինանսների նախարարությունից, 792 հազար դրամը՝ «Մենեջմենթ Միքս Ինովացիոն Ակադեմիա»-ից, իսկ 171 հազար 465 դրամը՝ Ֆրանսիական համալսարանից։ Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 9 միլիոն 388 հազար 808 դրամ (որից 8 միլիոն 389 հազար 370 դրամը՝ հիփոթեքային վարկ)։
2023 թվականի տարեկան հայտարարագիրը
2023 թվականին անշարժ գույքի կազմում փոփոխություն չի եղել․ պահպանվել են նույն 6 գույքերը։ Սակայն հունվարի 23-ին պատգամավորը 2 միլիոն 500 հազար դրամով Վարդգես Կարապետյանից ձեռք է բերել 2010 թվականի արտադրության Mitsubishi մակնիշի ավտոմեքենա։
Բանկային ավանդը տարվա վերջում 11 հազար դոլարից աճել է՝ հասնելով 15 հազար ԱՄՆ դոլարի։ Բանկային հաշիվներում եղել է 2 միլիոն 635 հազար 270 դրամ, 700 դրամ, 12 եվրո, 49 դոլար և 104 դոլար։ Կանխիկ միջոցները նվազել են՝ 25 միլիոնից դառնալով 23 միլիոն դրամ։ Տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 281 հազար 573 դրամ, որից 10 միլիոն 239 հազար 748 դրամը՝ ԱԺ աշխատավարձ, 824 հազար 286 դրամը՝ Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտ, 142 հազար 539 դրամը՝ Ֆրանսիական համալսարանից, իսկ 75 հազար դրամը՝ «Մենեջմենթ Միքս»-ից։ Վարկային պարտավորությունների մնացորդը նվազել է՝ հասնելով 7 միլիոն 422 հազար 525 դրամի (որից 7 միլիոն 212 հազար 687 դրամը՝ հիփոթեք)։
2024 թվականի տարեկան հայտարարագիրը
2024 թվականի ընթացքում անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցի կազմը մնացել է անփոփոխ (6 անշարժ գույք և 1 Mitsubishi ավտոմեքենա)։ Հայտարարագրված է եղել նաև 2019 թվականին ձեռք բերված 0 դրամ արժեքով բաժնեմաս։
Բանկային ավանդները տարեվերջին կազմել են 2 միլիոն 78 հազար 132 դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվներին եղել է 2 միլիոն 764 հազար 900 դրամ, 12 եվրո, 100 հազար 814 դրամ, 187 դոլար, 104 դոլար և 436 հազար 360 դրամ։ Կանխիկ դրամական միջոցներն աճել են՝ հասնելով 25 միլիոն դրամի։ 2024 թվականի եկամուտները կազմել են 13 միլիոն 557 հազար 909 դրամ, որոնց թվում են՝ ԱԺ աշխատավարձը (10 միլիոն 727 հազար 72 դրամ), «Մենեջմենթ Միքս»-ից ստացված եկամուտը (1 միլիոն 656 հազար դրամ), եկամտային հարկի վերադարձը (740 հազար 946 դրամ), Ֆրանսիական համալսարանից ստացված վարձատրությունը (ընդհանուր շուրջ 293 հազար դրամ) և Արդշինբանկից ստացված ավանդի տոկոսը (367 դոլար)։ Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 7 միլիոն 471 հազար 92 դրամ։ «Ագրիմակ» ՍՊԸ-ի բաժնեմասը 2022թ․ հունիսից փոխանցվել է «Էլ Ֆոր» Հաշվապահական Կենտրոն ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարմանը։
2025 թվականի տարեկան հայտարարագիրը
2025 թվականի ընթացքում Արթուր Խաչատրյանը օտարել է երկու բնակարան։ Հոկտեմբերի 22-ին Աջափնյակի բնակարանը «այլ» եղանակով՝ 0 դրամ արժեքով փոխանցվել է Աննա Աբրահամյանին, իսկ նոյեմբերի 26-ին Արաբկիրի բնակարանը 42 միլիոն 322 հազար 500 դրամով վաճառվել է Կոնստանտին Կովալենկոյին։ Տարեվերջին նրա սեփականությունում մնացել է 4 անշարժ գույք։
Տրանսպորտային միջոցների մասով՝ դեկտեմբերի 29-ին պատգամավորը 5 միլիոն 200 հազար դրամով գնել է 2013 թվականի արտադրության ևս մեկ Mitsubishi ավտոմեքենա՝ տարեվերջին ունենալով 2 ավտոմեքենա։
Տարեվերջին բանկային ավանդները կազմել են 30 հազար դոլար, 20 միլիոն դրամ, 2,500 դոլար, 3 միլիոն 982 հազար 347 դրամ և 15 հազար դոլար։ Բանկային հաշիվներում եղել են տարբեր արտույթներով միջոցներ, այդ թվում՝ 8 միլիոն 232 հազար 524 դրամ և 2 միլիոն 129 հազար 747 դրամ։ Կանխիկ դրամը նվազել է՝ կազմելով 10 միլիոն 500 հազար դրամ։
2025 թվականի ընդհանուր եկամուտները կազմել են 60 միլիոն 882 հազար 96 դրամ։ Դրանց մեջ ամենամեծ բաժինն ունեն գույքի վաճառքից ստացված 42 միլիոն 322 հազար 500 դրամը և ԱԺ-ից ստացած 13 միլիոն 368 հազար 228 դրամ աշխատավարձը։ Բացի այդ, հայտարարագրվել է 2 միլիոն 400 հազար դրամ նվիրատվություն Ստեփան ԴերԲեդրոսյանից, 1 միլիոն 745 հազար դրամ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, 721 հազար 268 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ, 213 հազար 600 դրամ՝ Ֆրանսիական համալսարանից, 75 հազար 500 դրամ՝ ավանդի տոկոս և 36 հազար դրամ՝ «Մենեջմենթ Միքս»-ից։
Վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է 8 միլիոն 267 հազար 46 դրամ։ Ծախսերի բաժնում նշվել է 3 միլիոն դրամ հանգստի ճանապարհածախս, 3 միլիոն 884 հազար 843 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման համար, և 3 միլիոն 250 հազար դրամ՝ որպես այլ միանվագ ծախս։
Սոնա Գրիգորյան
























































































