ՆԱՏՕ-ն նախատեսում է ռեկորդային՝ 40 մլրդ դոլար ներդնել հակադրոնային տեխնոլոգիաների զարգացման համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները հակադրոնային տեխնոլոգիաների վրա մտադիր են աննախադեպ գումարներ՝ 40 մլրդ դոլար, ներդնել»,- ասել է ռուս դիվանագետը։
Գոնչարը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն սկսել է նոր՝ բարձր ճշգրտության եւ մեծ հեռահարության համակարգերի մշակման նախագիծ։ Նրա խոսքով՝ 2026 թվականին դաշինքը նախատեսում է գրեթե կրկնապատկել հրետանային արկերի արտադրությունը նախորդ տարվա համեմատ։
«Գրեթե ամեն օր արեւմտյան երկրները հայտարարում են նոր բազմամիլիոնանոց ռազմական պայմանագրերի եւ նախագծերի մասին»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։
Գոնչարը նախկինում հայտարարել էր նաեւ, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման տնտեսական օգուտների մասին դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա պնդմամբ՝ ռազմականացման հետեւանքով վնաս է հասցվում տարածաշրջանի խաղաղ զարգացմանն ու անդամ երկրների քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։
Անի Վարդանյան




























