Armenian text to speach

Արմավիրում ընտրություններ են․ ով է ցանկանում դառնալ համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր ArmLur.am-ը, հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արմավիր խոշորացված համայնքում։

2021թ. դեկտեմբերի 5-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արմավիր խոշորացված համայնքում առաջադրվել էր միայն ՔՊ կուսակցությունը: Վերջինս էլ 99,99%-ով ստանձնեց համայնքի իշխանությունը։ 2024 թվականի հունվարին Արմավիրի ավագանին արտահերթ նիստ իրականացրեց, որի արդյունքում 23 կողմ և 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար ընտրվեց Վարշամ Սարգսյանը։

«Հայբուսակ» համալսարանն ավարտելուց հետո Սարգսյանը 2012 թվականից հետո 6 տարի աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում: 2018 թվականի հեղափոխությունից հետո հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, ապա  2021 թվականին նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, որից հետո 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։
Վարշամ Սարգսյանի ունեցվածքին ArmLur.am-ը արդեն անդրադարձել է։

Հիշեցնենք, որ Սարգսյանից առաջ Արմավիրի համայնքապետը Դավիթ Խուդաթյանն էր, ով 2024-ին վայր դրեց պաշտոնը, քանի որ վարչապետի կողմից նշանակվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնում։ Իսկ վերջերս՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Մի քանի օր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Սարգսյանը ամփոփում էր իր երկամյա պաշտոնավարման արդյունքերը։ Նա նշեց, որ համայնքում դեռ նախընտրական տրամադրություններ չկան, ու ևս մեկ անգամ  հաստատեց, որ իր թիմը մասնակցելու է առաջիկա ընտրություններին, որպեսզի «կիսատ մնացած ծրագրերը իրականացնեն»։ Սարգսյանը նաև ընդունեց մարզային նախընտրական դեբատներին մասնակցելու Պետրոս Ղազարյանի հրավերը։

Առաջիկա ՏԻՄ ընտրութունները ցույց կտան՝ արդյոք Վարշամ Սարգսյանը հասցրել է իր երկամյա պաշտոնավարման ընթացքում ձեռք բերել համայնքի բնակիչների վստահությունը որպես համայնքապետ։

Աննա Հանյան




Լրահոս