ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել հեղինակային իրավունքի խախտումների համար նախատեսվող պատասխանատվության չափերը։ Մասնավորապես, նախատեսվում է հեղինակային իրավունքի խախտման դեպքում սահմանել 20 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցման հնարավորություն։
Նախագիծը բավականին ծավալուն է և նպատակ ունի վերանայել հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգը, հստակեցնել այդ ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության կանոնները և ուժեղացնել հեղինակների իրավունքների պաշտպանությունը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությունը մի շարք հարցերում ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Մասնավորապես, խնդիրներ կան կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության վերահսկողության, թափանցիկության, հաշվետվողականության և հեղինակների իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցերում։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներդնել կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների պետական հավատարմագրման՝ ակրեդիտացիայի համակարգ։ Այսինքն՝ կազմակերպությունները պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին, իսկ դրանց գործունեությունը ենթակա կլինի վերահսկողության։
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել հեղինակների և իրավատերերի՝ իրենց իրավունքները կոլեկտիվ կառավարման կազմակերպություններին փոխանցելու և այդ գործընթացից հրաժարվելու մեխանիզմները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կամավորության սկզբունքին և հեղինակների՝ իրենց իրավունքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հնարավորությանը։
Հիմնավորման մեջ ուսումնասիրվել է նաև մի շարք երկրների փորձը։ Մասնավորապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Չինաստանի և այլ պետությունների օրենսդրական կարգավորումները։ Ուսումնասիրության նպատակն է եղել գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապահովել հեղինակային իրավունքների պաշտպանությունը և կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների հաշվետվողականությունը։
Փաստաթղթում ներկայացված են նաև այլ երկրների օրինակներ, որտեղ հեղինակային իրավունքի խախտումների համար նախատեսված են տարբեր չափերի ֆինանսական պատասխանատվության միջոցներ։
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունների ընդունումը կնպաստի հեղինակային իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովմանը և միջազգային պարտավորություններին համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորմանը։
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այն նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, կքննարկվի ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստում։
Անի Վարդանյան























































































