Armenian text to speach

Ռուսաստանին լրտեսելու կասկածանքով Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ բանակի բարձրաստիճան զինվորական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանին առնչվող լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ԱՄՆ բանակի 41-ամյա զինծառայող։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանության հաղորդագրությունը։

Անանուն մնացած զինվորականը ձերբակալվել է նոյեմբերի 10-ին՝ Գլոսթերի մոտակայքում։ Գործողությունն իրականացրել են բրիտանական հակաահաբեկչական ոստիկանության աշխատակիցները՝ համագործակցելով ԱՄՆ համապատասխան կառույցների, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ։ Նա այս պահին գտնվում է Լոնդոնի ոստիկանության բաժանմունքներից մեկում։

Ոստիկանության փոխանցմամբ՝ զինծառայողը կասկածվում է Մեծ Բրիտանիայի 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի երկու հոդվածներով նախատեսված հանցագործությունների մեջ։ Դրանք վերաբերում են պաշտպանված տեղեկատվության հետ գործ ունենալուն և օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելուն։ Ոստիկանությունը հստակեցրել է, որ մեղադրանքների առնչությամբ հիշատակվող երկիրը Ռուսաստանն է։ Հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գլոսթերշիրում գտնվող երկու հասցեներում։

CNN-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ զինվորականը ծառայել է Դաշինքի Դաշնակիցների արագ արձագանքման կորպուսում, որի կենտրոնակայանը գտնվում է Գլոսթերում։ Կորպուսը ղեկավարում է Մեծ Բրիտանիան։

ԱՄՆ բանակի հակահետախուզության հրամանատարության ղեկավար, բրիգադի գեներալ Շոն Սթինչոնը ձերբակալվածին բնութագրել է որպես բարձրաստիճան զինվորական, որը հասանելիություն է ունեցել զգայուն տեղեկատվության։ Ամերիկացի պաշտոնյան էլ CNN-ին հայտնել է, որ նա դաշտային աստիճան ունեցող սպա է։ Այս խմբում ընդգրկված են մայորի, փոխգնդապետի և գնդապետի զինվորական կոչումները։

ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը հայտարարել է, որ գործը վերաբերում է լրտեսության մասին պնդումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հանդուրժողականություն չի ցուցաբերի այն անձանց նկատմամբ, որոնց գործողությունները կարող են վտանգել երկրի և գործընկերների ազգային անվտանգությունը։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ և տեղյակ չէ, թե ինչի հետ է առնչվում ձերբակալությունը։

Բրիտանական ոստիկանությունը նշել է, որ այս դեպքը կապ չունի երկրում ընթացող հակաահաբեկչական այլ հետաքննությունների հետ։ Վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայում քննվել են նաև ամերիկյան զինուժի օգտագործած ռազմաբազաների հարակից տարածքներում տեղի ունեցած միջադեպեր։ Սակայն ոստիկանությունը շեշտել է, որ ամերիկացի զինվորականի ձերբակալության գործն առանձին հետաքննություն է։

Հետաքննությունը շարունակվում է, իսկ ձերբակալվածին դեռևս մեղադրանք առաջադրված լինելու մասին տեղեկություն չի հաղորդվել։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս