Մանկատան սանը, գաղութից դուրս եկած եղբոր թելադրանքով, 2-րդ անգամ է փախուստի դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանն արդեն երկրորդ անգամ է փախուստի դիմել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց մանկատան տնօրեն Նորայր Նալբանդյանը, ում փոխանցմամբ՝ այս անգամ Զախարյանը մանկատունը լքել է ապրիլի 10-ին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ 14-ամյա երեխան մանկատնից փախել է ապրիլի 1-ին` եղբոր` 25-ամյա Կարենի հետ:

Երեխային, մեծ ջանքեր գործադրելով, հաջողվում է ապրիլի 3-ին ետ բերել մանկատուն: Սակայն, կրկին եղբոր հորդորներով, Արևշատն այս անգամ էլ ապրիլի 10-ին է լքում Գավառի մանկատունը:

«Այս անգամ ևս եղբայրն է տարել Արևշատին: Միայնակ մոր երեխա է: Մայրն էլ հիվանդ է ու Հրազդանում է: Սա երկրորդ փախուստն է, չնայած այդ բառը չեմ սիրում, որովհետև սա փակ հաստատություն չէ: Եղբայրն ամեն ինչ անում է, որ երեխան այստեղ չապրի, ու խնդիրներն առաջացնում է միայն ու միայն եղբայրը»,- նշեց մանկատան տնօրենը` հավելելով, որ Արևշատը համեստ և պարկեշտ երեխա է, և եթե եղբայրը չխառնվի նրա կյանքին, ոչ մի խնդիր չի առաջանա:

Գավառի մանկատան տնօրենը հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով` Արևշատի եղբայրը վերջերս ինչ-որ կանաչապատման տարածքում է աշխատել, որտեղ խարդախությամբ մոտ 1000 ԱՄՆ դոլար է յուրացրել և կալանավորվել:

Նալբանդյանը հայտնեց նաև, որ եղբայրը բնակարան, ընտանիք չունի, ու չնայած սրան` ցանկանում է երեխային տանել: Տնօրենի խոսքերով` ինքն իրավասու չէ երեխային տալ կամ չտալ: Դա կարող է անել միայն Հրազդանի խնամակալ մարմինը, իսկ այնտեղ առայժմ ճանապարհ են փնտրում՝ հարցը լուծելու:

Տաթև Հարությունյան




Լրահոս