16-ամյա անչափահաս Գոռ Սիմոնյանը մեղադրվում է 17-ամյա անչափահաս Ռոման Հաիրյանին դանակահարելու մեջ:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ Գոռ Սիմոնյանն իր անչափահաս ընկերների` Ֆ. Հայրապետյանի և Հ. Պետրոսյանի հետ միասին գնացել է Երևանի թիվ 105 ավագ դպրոց` իր երկրպագուհի Ս. Վարդանյանին տեսակցելու:
Նույն օրը` ժամը 13.30-ի սահմաններում, դպրոցի մոտակայքում միմյանց երկար նայելու պատճառով վիճաբանություն է սկսվել դպրոցական Խ. Արթիկյանի և վերը նշված անձանց միջև:
Վիճաբանությունից հետո անչափահաս տղաները որոշում են պարզաբանումներ ստանալ իրարից և բարձրանում են Ռ. Մելիքյան փողոցի 55/1 հասցեում գործող «Հայորդաց տան» մոտակայք:
Ամենաուշագրավն այն է, որ իրար երկար նայելու հարցի պարզաբանումը, ի վերջո, վերածվում է կռվի և ծեծկռտուքի:
Այս ընթացքում նրանց է մոտենում Ռ. Հաիրյանը, ում Գոռ Սիմոնյանը դանակահարում է:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գոռ Սիմոնյանը դանակահարել է սուր կտրող-ծակող գործիքով: Նա մեկ անգամ հարվածել է Հաիրյանի որովայնի ձախ հատվածին` հասցնելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վիրավորման` բարակ և հաստ աղիների միջընդերքի վնասումով` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն այս պահին գտնվում է նույն համայնքի առաջին ատյանի դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում:
Մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես, ասվում է, որ մեղադրյալ Գոռ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասով, որի չափանիշների համաձայն նախկինում չդատված Սիմոնայնին սպառնում է պատիժ` ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Գործը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանի տիրույթում:
Սիմոնյանի ներկայացուցիչն է նրա մայրը` Արմենուհի Դավթյանը, իսկ տուժող Ռոման Հաիրյանինը` հայրը` Ռոբերտ Հարիյանը:
Տաթև Հարությունյան